ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կրճատումներ են։ NEWS.am–ին ահազանգած պայմանագրային զինծառայողները հայտնում են, որ հրամանատարությունը ժամկետից շուտ լուծել է շուրջ երկու տասնյակ զինծառայողների հետ կնքած պայմանագրերը։
Զինծառայողներին թողել են զինված ուժերի կադրերի տրամադրության տակ` պատճառաբանելով, որ համալսարանում հաստիքների կրճատումներ են։
Որոշ աշխատակիցներ, որոնց պայմանագրի ժամկետի լրանալուն մնացել էր մի քանի ամիս, ասում են, որ հայտնվել են փաստի առաջ, քանի որ նախապես վարկեր են վերցրել՝ հույս ունենալով, որ աշխատավորձով կմարեն դրանք։ Աշխատանքից ազատված պայմանագրայիններին խոստացել են տեղավորել այլ զորամասեր։
NEWS.am–ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ պայմանագիրը ժամկետից շուտ լուծելու դեպքում, մինչև փոխհատուցում տալը, զինծառայողներին առաջարկվել է մոտակա մասնագիտական այլ զորամասերում ծառայություն։
Հովհաննիսյանի խոսքով՝ Զինված ուժերում օպտիմալացման պրոցեսները մշտական բնույթ են կրում.
«Զինված ուժերում կադրային շարժերը, հաստիքային փոփոխությունները մշտական պրոցես են»,– ասաց ՊՆ մամլո խոսնակը։





























