Եգիպտոսի հայկական համայնքի հնագույն տպարանը՝ «Ոսկետառ»-ը, երեք ամիս է՝ չի գործում: Այս մասին հայտնում է «Արեւելք» պարբերականը։
Եգիպտական «Ալ-Դասթուր» պարբերականը գրում է, որ մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական շրջանի Զաքարիա Ահմադ փողոցի վրա գտնվող «Ոսկետառ» տպագրատունը պատմական է համարվում. այն հիմնվել է 105 տարի առաջ՝ Կահիրեի եւ Պոլսո միջեւ տնտեսական գործունեություն ծավալած հայ փաշաներից մեկի նախաձեռնությամբ եւ փառավոր գործունեություն է ունեցել:
Այստեղ են տպագրվել բազմաթիվ հայերեն գրքեր, թերթեր, հրավիրատոմսեր, օրացույցներ եւ հայությանն առնչվող այլ տպագրական նյութեր:
Թերթը հանդիպել է վերջին շրջանում տպարանը տնօրինած մարդկանց հետ եւ նշում է, որ տպարանի վերջին պատասխանատուն Կասյա անունով մի կին էր, որ տպարանի հիմնադիրների շառավղից է, արմատներով հին պոլսահայ:
«Ոսկետառ» տպարանի շուրջը գտնվող խանութների տերերը լրագրողին ասել են, որ «Ոսկետառ»-ն իրենց համար ոչ միայն տպարան էր, այլեւ մշակութային օջախ, որտեղից մշակույթի շունչն էր սփռվում: Նշվում է, որ տպարանը փակվել է Եգիպտոսի հայկական գաղութի նոսրացման արդյունքում:
1900-ականների սկզբին եւ Հայոց Ցեղասպանությանը հաջորդած տարիներին Եգիպտոսը, մասնավորապես Կահիրեն համարվում էին հայության կենտրոններից մեկը, որտեղ հաստատվել էին Պոլսո մեծահարուստ աղաների, հայ ամիրաների շառավիղները: Նրանք համայնքում ծավալել են պատմական գործունեություն, ստեղծել են մշակութային, բարեսիրական, կուսակցական, ինչպես նաեւ համայնքային կառույցներ:
Այսօր Եգիպտոսի հայ համայնքը Մերձավոր Արեւելքի նոսրացած գաղութներից է:
Նշենք, որ «Ոսկետառ» տպարանը հիմնադրել է Երվանդ Մսրլյանը: Մինչև 1933 թ. նրա հետ աշխատել է Արմենակ Մանուկյանը: Ե. Մսրլյանը, դեռ 1914 թ., Գրիգոր Համբիկյանի և Ե. Քերեսթեճյանի հետ Կահիրեում հիմնել էր մի փոքր գրաշարատուն, ուր հրատարակել էր «Խարաշօ» երգիծական շաբաթաթերթի մի քանի համար, որից հետո, 1916 թ. այս համեստ տպարանը փակվել է:«Ոսկետառ»-ի վարիչ-տնօրենուհին մինչև 1966 թ. եղել է Ատրինե Մսրլյանը, իսկ գրաշարապետ-խմբագիրը՝ Ստեփան Համամճյանը: Այս տպարանում Ե. Մսրլյանը 1919-1971 թթ. հրատարակել է «Սավառնակ» երգիծաթերթը, նաև թերթի «Զէբլին» շաբաթական հավելվածը (1931-1937)` արտոնատիրությամբ իր տիկնոջ՝ Ատրինեի: Այս շրջանում տպարանը հայտնի էր նաև «Տպարան-վիմագրատուն Ոսկետառ» անվանումով:1965 թ. տպարանի սեփականատեր են դարձել Նորայր Տեովլեթյանը և Պերճ Թերզյանը, իսկ 1969-ից տպարանի սեփականատերն էր Նորայր Տեովլեթյանը: «Ոսկետառ» տպարանում են տպագրվել բազմաթիվ պարբերականներ, Սոկրատ Սարրաֆյանի թարգմանած վեպերի հատորները, «Ջահակիր» գրական հավաքածուի Ա. գիրքը (1919), «Ջահակիր» տարեգիրքը (1948), «Ոսկետառ» Մատենաշարից Աշոտ Պատմագրյանի հեղինակած «Գանձարան հայ երգերի» 6 հատորները (1940), Գրիգոր Մամուր Ֆաթիմիի «Երազահան», «Կախարդագիրք», «Բախտագուշակ» ու այլ «Համայնագիտարան»-ներ (1935-1937), բազմաթիվ հայերեն ու օտար լեզուներով գրքեր, կանոնագրեր, տեղեկագրեր, ձեռնարկների պրակներ:





























