Մենք սկսում ենք ծերանալ այն ժամանակ, երբ դադարում ենք սովորել: Դադարում ենք ուրախանալ նոր բացահայտումներով: Դադարում ենք հայտնաբերել ու հայտնագործել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ի՞նչ է նշանակում լինել երիտասարդ: Կարծում եմ՝ այստեղ խնդիրը տարիների քանակը չէ: Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը հանդիպել է մարդկանց, որոնք 16 կամ 20 տարեկան են, բայց արդեն շատ տարեց են, հետաքրքրված ու ակտիվ չեն: Եվ, միաժամանակ, տեսել եք 60, 70 կամ 90 տարեկան մարդկանց, որոնք լի են կյանքով: Երիտասարդության ցուցիչներից է ֆիզիկական ակտիվությունը: Որքան ավելի ակտիվ կյանքով ենք ապրում, այնքան ավելի երիտասարդ ենք: Կարեւոր է ամեն օր սովորել նոր բան: Ժամանակը հարաբերական է եւ կախված է յուրաքանչյուրի արագությունից: Մեր ձեռքերում է՝ լինել երիտասարդ ու ապրել լիարժեք կյանքով՝ անկախ տարիքից: 21-րդ դարը երիտասարդների ժամանակն է»,–նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանը հայտնել է, որ ավարտում է իր գիրքը, որը կոչվում է «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը». «Սա չի նշանակում, որ մենք քվանտային ֆիզիկայի օրենքներն ենք կիրառելու այդ ամենը նկարագրելու համար: Սա ենթադրում է, որ իրադարձությունները, քաղաքականությունը չեն լինելու դասական ձեւով: Աշխարհում այսօր տեղի ունեցող իրադարձությունները դրա ապացույցն են: 21-րդ դարը երիտասարդների ժամանակաշրջան է, 21-րդ դարը դուք կառավարելու եք ամբողջովին այլ կերպ, քան մենք ենք արել նախկինում: Հուսով եմ, որ բոլորդ կշարունակեք երիտասարդ մնալ»:

Ամփոփելով նախագահը նշել է, որ երիտասարդ լինելու համար պետք է ամեն օր նոր բան սովորել, պետք է ուրախանալ եւ զարմանալ ամենօրյա բացահայտումներով. «Երբ գաք Հայաստան, շատ ուրախ կլինեմ ձեզ ցույց տալ, որ այն իսկապես 21-րդ դարի երկիր է, շատ արագ է ընթանում: Երկիրը չունի մեծ բնական պաշարներ, սակայն ունի մարդկային մեծ ներուժ եւ լավ կրթություն: Հայաստանը տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար է: Այս ամենը երկրի ուժն է, ուժը փոքր պետության, բայց համաշխարհային ազգի»,– եզրափակել է նա։