Հայաստանը եւ Ռուսաստանն ավարտում են Երեւանին «Սու-30ՍՄ» կործանիչների մատակարարման շուրջ պայմանագրի կնքման գործընթացի նախապատրաստումը: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, հաղորդում է ТАСС գործակալությունը:

«Մենք ձգտում ենք, որ դա շատ արագ տեղի ունենա: Մոտենում ենք պայմանավորվածության ստորագրման ավարտական փուլին: Ներպետական ընթացակարգեր են տարվում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում», - ասել է Տոնոյանը ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:

Տոնոյանի խոսքով՝ երկու երկիրն էլ ներպետական մակարդակով ավարտում են սպառազինում ձեռք բերելու նպատակով Հայաստանին 100 մլն դոլարի ռուսական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի կնքման ընթացակարգերը, հատկապես՝ որոշակի տեսակի տեխնիկայի մատակարարման հարցում: 

Տոնոյանն ընդգծել է ռազմական ոլորտում ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությունը՝ նշելով, որ համատեղ միջոցառման են նախապատրաստվում, սակայն չի մասնավորեցրել, թե ինչ միջոցառման մասին է խոսքը:

Նոր արտահանման վարկի տրամադրման մասին համաձայնագիրն ստորագրվել է դեռեւս 2017-ի հոկտեմբերի 24-ին: Վարկը Հայաստանին տրամադրվում է 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ մարման 15 տարվա ժամկետով: