Գերմանիայում ուրբաթ օրը փակվել է վերջին քարածխային հանքը։ Բոտրոպ քաղաքում Prosper-Haniel հանքում հանդիսավոր արարողության ժամանակ ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդգծել է, որ վերջին է մոտեցել «գերմանական պատմության մի մասը», առանց որի երկիրը եւ նրա զարգացումը վերջին երկու հարյուրամյակում անպատկերացնելի կլինեին՝ տեղեկացնում է «Немецкая волна»-ն։
Շտանմայերը վստահություն է հայտնել, որ Ռուրյան մարզը այսուհետեւ եւս կարեւոր դեր կխաղա Գերմանիայի էներգետիկայի բնագավառում։
ԳԴՀ նախագահը բարձր է գնահատել հանքափորների ծանր եւ վտանգավոր աշխատանքը։ Շտանմայերը շնորհակալություն է հայտնել արհմիություններին, որոնք պետության հետ միասին նպաստել են Գերմանիայում քարածխի հանքարդյունահանման խաղաղ եւ պատասխանատու ավարտին։





























