Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարագրել է Սամվել Կարապետյանին պատկանելու ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում ենթադրյալ «թալանի» հնարավոր սխեման։

Նոյեմբերի 5-ի ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող էին Կարապետյանները թալանել իրենց պատկանող ընկերությունը, Փաշինյանը նշել է, որ հարցն իրավապահների իրավասության շրջանակում է, սակայն ներկայացրել է իր բացատրությունը։ «Դուք գիտեք, որ կա սակագին։ Այն ձևավորվում է ընկերության ծախսերից և այլն. կայանից մինչև բաժանորդ էլեկտրաէներգիա հասցնելը ծախսեր է պահանջում, դրանք կազմում են սակագնի մի մասը։ Տեսականորեն ինչպե՞ս կարող էին թալանել. ՀԷՑ-ն առաջնորդվում է հանրային գնումների կանոններով։ Եթե կա 100 մլն դրամի աշխատանք, որպեսզի մենք բոլորս էլեկտրաէներգիա ստանանք, մրցույթ են հայտարարում։ Լավագույն գին առաջարկողը հաղթում է։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ բոլոր մասնակիցները Կարապետյանների ընտանիքի անդամներ են, գործում են ՀԷՑ-ի փողերով և ոչ մրցակցային պայմաններում հաղթում ու գերշահույթ են ստանում», — ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ինքը նամակներ է ստացել այն մատակարարներից, որոնք հայտնել են, որ Կարապետյանների կառավարման տարիներին չեն կարողացել հաղթել որևէ մրցույթում։ Նրանց տեղեկություններով՝ մրցույթներում հաղթել են Կարապետյանի հետ փոխկապակցված ընկերությունները՝ անտրամաբանական գներով։ «ՀԷՑ-ն իրենցն էր, բայց փողը ժողովուրդն է վճարում», — հայտարարել է Փաշինյանը։

Կրկնելով, որ հարցը պետք է քննվի իրավապահների կողմից, Փաշինյանը պնդել է, թե Կարապետյանների ընտանիքը «սնվում էր ՀԷՑ-ից, իսկ վճարում էին բաժանորդները»։ «Եթե այդպես չլիներ, պարտադիր չէ, որ սակագներն ավելի ցածր լինեին. ներդրումներ չեն արվել։ Համակարգը մաշված է», — ասել է վարչապետը։

Քաղաքացիներն ավելի շատ դժգոհում են ջրամատակարարման ոլորտի մենաշնորհատեր «Վեոլիա» ընկերությունից, քան ՀԷՑ-ից։ «Վեոլիայի» դեպքում ևս ներդրումների ուղղությունը պարզ չէ, համակարգը մաշված է, իսկ ջրանջատումները ժամեր են տևում։ Այդուհանդերձ, իշխանությունները գոհ են ընկերության աշխատանքից։