Դատախազությունը մեղադրում է Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներին 160 մլն դոլար կաշառք ստանալու մեջ, տեղեկացնում է MIGnews-ը՝ հղում կատարելով Daily Mail-ին։

Դատախազ Կառլոս Սթորնելիի խոսքերով՝ անգամ եթե պետության նախկին նախագահին մեղավոր են ճանաչում, նրան չի կարելի բանտ նստեցնել՝ առանց անձեռնմխելիությունը հանելու։

Միեւնույն ժամանակ, այս տարվա օգոստոսին արգենտինյան Սենատը մասամբ հանել էր նրա անձեռնմխելիությունը։

«Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Քիրշները, որին մեղադրում են տասնյակ միլիոնավոր դոլարի կաշառք ստանալու մեջ՝ իր կառավարման ժամանակ, կդատեն դաշնային դատարանում», տեղեկացնում է AFP-ն։

Բացի այդ, դատարանը որոշել է կալանք դնել նրա 38 մլն դոլար ակտիվների վրա։ Քիրշներին մեղադրում են գործարարներից միլիոնավոր դոլարների կաշառք վերցնելու մեջ այն գործարքների համար, որոնք կապված են խոշորածավալ պետական աշխատանքների հետ։