Սպիտակ տունը տեղեկություն չունի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Ջերոմ Փաուելի հնարավոր ազատման մասին, շաբաթ տեղեկացրել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով CNBC հեռուստաալիքին։
«Ես տեղյակ չեմ Փաուելին ազատելու պլանների մասին»,- ասել է նա հեռուստաալիքին։
Ավելի վաղ Բլումբերգ գործակալությունը տեղեկացրել էր, որ Դոնալդ Թրամփը դիտարկում է Փաուելի ազատման հնարավորության հարցը, քանի որ դժգոհ է տոկոսադրույքի հերթական բարձրացումից։
ԱՄՆ ԴՊՀ-ն այս տարվա վերջին նիստում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-19-ին, որոշում է ընդունել 2-2,25%-ից մինչեւ 2,25-2,5%-ի բարձրացնել տարեկան բազային տոկոսադրույքը։ Սա արդեն չորրորդ բարձրացումն է ընթացիկ տարում։ Ընդ որում՝ հաջորդ տարի կարգավորողը կանխատեսել է տոկոսադրույքի եւս երկու բարձրացում, այն դեպքում, երբ դիտորդների մեծ մասը մեկն էր սպասում։ Տոկոսադրույքների բարձրացումը բանկային համակարգում կթանկացնի փոխառու միջոցների արժեքը եւ դրանով իսկ բացասաբար կանդրադառնա բորսայական շրջանառությունների վրա։
Թրամփն արդեն քանիցս քննադատել է ԴՀՊ-ն տոկոսադրույքի բարձրացման համար՝ հայտարարելով, որ դա կարող է վնասել տնտեսական աճին։ ԱՄՆ նախագահը նաեւ բավական հազվադեպ քայլի է գնացել՝ փոխելով ԴՀՊ ղեկավարին իր պաշտոնավարության սկզբում՝ Ջանեթ Ելենի փոխարեն այն ժամանակ ԴՀՊ նախագահ է նշանակվել Ջերոմ Փաուելը։ Փաուելի թեկնածությունն առաջադրելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խախտել էր ավանդույթը, որի համաձայն՝ նախագահներն իրենց պաշտոնավարման առաջին ժամկետում սովորաբար երկարացնում են ԴՊՀ գործող ղեկավարի լիազորությունների ժամկետը։ Բայց Փաուելը շարունակեց տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությունը։ Երկուշաբթի օրը Թրամփը դարձյալ դժգոհություն հայտնեց տոկոսադրույքի բարձրացման առիթով՝ Twitter-ում գրելով, որ «շատ ուժեղ դոլարով եւ գրեթե առանց գնաճի... բոցավառվող Փարիզով եւ անկում ապրող Չինաստանով» պարզապես անհավանական է, որ ԴՊՀ-ն դեռ դիտարկում է դրա հերթական բարձրացումը։ Իսկ նրա առեւտրի գծով խորհրդական Փիթեր Նավարոն բացահայտ կոչ է արել Փաուելին կանգնեցնել խստացման քաղաքականությունը։





























