Երեքշաբթի Շվեյցարիայի ֆինանսների նախարար Ուելի Մաուրերը ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Սահմանադրության համաձայն՝ այս պաշտոնում ամբողջ 2019 թվականի ընթացքում նա կաշխատի առանց իր նախարարական պարտականությունները թողնելու, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ծնունդով Ցյուրիխի կանտոնի Վետցիկոն քաղաքից Մաուրերը դեկտեմբերի 1-ին դարձավ 68 տարեկան: Նա ծնվել է գյուղացու ընտանիքում, ստացել է հաշվապահի դաշնային դիպլոմ, 1994-2008 թվականներին Ցյուրիխի կանտոնի Ֆերմերների ասոցիացիայի ղեկավարն է եղել:
2008-ին ընտրվել է Դաշնային խորհրդում (Կառավարություն). Սկզբում ղեկավարել է պաշտպանության, բնակչության պաշտպանության եւ սպորտի նախարարարությունը, իսկ 2013-ին երկրի նախագահի պաշտոնն է զբաղեցրել, 2012 եւ 2018 թվականներին՝ փոխնախագահի:
1996-2008 թվականներին երկրի խոշորագույն Շվեյցարիայի աջ պահպանողական կուսակցության նախագահն է եղել:
Շվեյցարիայում նախագահը երկրի ղեկավարը չէ, դա Դաշնային խորհրդի (Կառավարություն) արտոնությունն է, որը հավաքական ձեւով է իրականացվում: Նախագահն ընտրվում է մեկ տարով՝ կառավարության անդամների թվից, ռոտացիոն սկզբունքով, նա նախագահում է կառավարության նիստերը, ձայների հավասարության ժամանակ նրա ձայնը վճռորոշ է:
2019 թվականին Բեռնի կարեւորագույն արտաքին քաղաքական խնդիրը կդառնա ինստիտուցիոնալ հարցերի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքման առնչությամբ Եվրոպական միության հետ հարաբերություններում տարաձայնությունների կարգավորումը: Դեկտեմբերի 7-ին Դաշնային խորհուրդը վերջնական որոշումը հետաձգեց մինչեւ գարուն՝ քաղաքական կուսակցությունների եւ տնտեսական շրջանակների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար:
Շվեյցարիայում քիչ չեն ԵՄ հետ մերձեցման քննադատները: Մասնավորապես Շվեյցարիայի աջ պահպանողական կուսակցությունը, որը կոալիցիայի կազմի մեջ է մտնում, կողմ է արտահայտվում ԵՄ երկրներից աշխատանքային միգրացիայի սահմանափակմանը, ինչը կտրականապես ընդունելի չէ Բրյուսելի համար:
Մաուերը նախագահի լիազորությունները կկատարի խորհրդարանական ընտրությունների անցկացման տարում, որոնք նախատեսված են հոկտեմբերի 20-ին:





























