Հնդկաստանը եւ Պակիստանը 1988 թ. կնքված պայմանագրի համաձայն, միջուկային օբյեկտների ցուցակներով են փոխանակվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Հնդկաստանի ԱԳՆ-ին:

«Այսօր Հնդկաստանը եւ Պակիստանը միաժամանակ Դելիում եւ Իսլամաբադում դիվանագիտական ուղիներով փոխանակվել են միջուկային օբյեկտների ցուցակներով՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ նման օբյեկտների վրա հարձակումների արգելման մասին ստորագրված համաձայնագրին համապատասխան:

Ինչպես նշվում է փաստաթղթում, սա 28-րդ անգամն է, երբ երկրները նման փոխանակում են կատարում: Առաջին անգամ ցուցակների փոխանցումը տեղի է ունեցել 1992 թ. հունվարի 1-ին:

1988 թ. դեկտեմբերի 31-ին ստորագրված եւ 1991 թվականի հունվարի 27-ից ուժի մեջ մտած պայմանագիրը նախատեսում է, որ երկու երկրները պարտավոր են ամեն տարի միմյանց տեղեկացնել իրենց տարածքներում միջուկային օբյեկտների առկայության մասին, որի նպատակն  այդ օբյեկտների վրա չթույլատրված հարձակումներից խուսափելն է: