Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած դեպքերի մանրամասները քննարկելու համար այսօր գործընկերներիս՝ Նաիրա Զոհրաբյանի եւ Միքայել Մելքումյանի հետ հանդիպեցինք Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան պրն. Թիմուր Ուրազաեւի հետ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ցավակցում եմ միջադեպի արդյունքում մահացածի ընտանիքի անդամներին եւ ընկերներին անդառնալի կորստի համար:

Միջադեպի բոլոր մասնակիցները՝ ունենալով ազգային տարբեր պատկանելիություն հանդիսացել են Ղազախստանի Հանրապետության քաղաքացիներ եւ խնդիրն ամբողջությամբ առաջնայինը գտնվում է Ղազախստանի իրավապահ մարմինների տիրույթում:

Շատ կարեւոր է համակողմանի ու թափանցիկ քննության անցկացումը եւ մամուլում շրջանառվող ադրբեջանական հետքի առկայության հստակեցումը:

Պետք է բացառել ազգամիջյան եւ միջկրոնական բախումներ հրահրելու ցանկացած պրովոկացիա:

Ղազախստանում մենք ունենք հայկական համայնք, ինչպես նաեւ մեր քաղաքացիների համար Ղազախստանը հանդիսանում է արտագնա աշխատանքի մեկնելու երկրներից մեկը:

Անհրաժեշտ է հնարավոր բոլոր օղակներով ներազդել իրավիճակի կայունացմանը եւ ուշադրության կենտրոնում պահել հավանական զարգացման բոլոր տարբերակները:

Անհերքելի է, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջպետական, ինչպես նաեւ հայ ու ղազախ ժողովուրդների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ ոչ ոք ու ոչ մի սադրանք դա չի կարող խարխլել»: