Գերմանիայի քաղաքացին, ով կասկածվում  է գերմանացի քաղաքական գործիչների տվյալների զանգվածային գողության եւ  Twitter-ում դրանք հրապարակելու մեջ, հարցաքննության ժամանակ ասել է, որ միայնակ է գործել: Նա որպես իր գործողությունների շարժառիթ է անվանել քաղաքական գործիչների դեմ զայրույթը, որն առաջացել է  նրանց հայտարարություններից եւ գործողություններից:

Այս մասին հատուկ հրավիրված մամուլի ասուլիսին ասել է Հեսեն դաշնային հողի դատախազ Գեորգ Ունգեֆուկը, հաղորդում է DW-ն:

Ունգեֆուկի խոսքով՝ խոստովական ցուցմունքից հետո 20-ամյա երիտասարդը ազատ է արձակվել, քանի որ արդարադատությունից թաքնվելու  վտանգը բացակայում է:

Դատախազության տվյալներով՝ խուզարկության ժամանակ կասկածյալի եւ աջ արմատականների միջեւ կապն ապացուցող նյութեր չեն գտնվել:

Ավելի վաղ Քրեական գործերով դաշնային գերատեսչությունը  (BKA) հաղորդել էր, որ գերմանացի  քաղաքական գործիչների եւ VIP անձանց անձնական տվյալների զանգավածային գողության առնչության կասկածանքով ոստիկանությունը Հեսեսն հողից ձերբակալել է 20-ամյա երիտասարդի:

2018 թվականի վերջին համացանցում հրապարակվել էին Գերմանացի հարյուրավոր քաղաքական, արվեստի գործիչների, լրագրողների  մասին տեղեկությունները: Իշխանություններն այդ մասին հայտնել էին միայն հունվարի 4-ին:

Համացանցում մասնավորապես հայտնվել էին տան եւ բջջային հեռախոսների, ֆաքսերի համարները, էլեկտրոնային փոստի հասցեները, սոցցանցերում եւ չաթերում նամակագրությունը, անձնագրերերի եւ կրեդիտային քարտերի համարները, վճարված հաշիվները, բանկային քաղվածքները, կուսակցական ցուցակները: