Ստամբուլի դատարանը Deutsche Welle-ի լրագրող Պելին Ունքերին 13 ամիս եւ 15 օր ազատազրկման, ինչպես նաեւ 8600 թուրքական լիր (մոտ 1400 եվրո) տուգանքի է դատապարտել:

Ունքերը մեղավոր է ճանաչվել Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմին  եւ նրա որդիներին վիրավորելու եւ նրանց գործարար հեղինակությանը վնաս պատճառելու համար, գրում է DW-ն:

Ունքերը Թուրքիայում DW թղթակից է աշխատում, ինչպես նաեւ գրում է թուրքական Cumhuriyet թերթի համար:

Ունքերը ավելի քան 60 երկրներից մի քանի հարյուր լրագրողների հետ մասնակցել է հետաքննության, որի արդյունքները հրապարակվել էին 2017 թվականի նոյեմբերին եւ «Դրախտայի դոսյեներ» անվանումը ստացել:

Դրանում բացահայտված են ընկերությունների, բարձրաստիճան քաղաքական գործիչների եւ այլ հայտնի անձանց կողմից հարկերից խուսափելու սխեմաները:

Ունքերի փաստաբան  Աբբաս Յալջինը նշել է, որ դատարանի վճիռը դեռ ուժի մեջ չի մտել եւ բողոքարկվելու է:

Մեկ այլ պաշտպան՝ Տորա Պեկինը, հայտնել է, որ լրագրողն իրավունք ուներ գրել Մալթայում օֆշորային ընկերությունների մասին, քանի որ դրանց գոյությունը հասարակական քննադատության առարկա է հանդիսանում եւ հետեւաբար լրատվական նշանակալիություն ունի:

Ունքերը դատարանի որոշումը սպասելի է անվանել՝ նշելով, որ պաշտպանությունն իմաստ չուներ:

«Այստեղ պատժվել է լրագրողը որպես այդպիսին», - կարծում է  DW-ի լրագրողը: