Հայտնի են դարձել Լիբիայից տարհանված Հայաստանի քաղաքացիների անունները: Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Լիբիայից տարհանվածներն են Գեւորգ Աստվածատրյանը, Արտակ Մնացականյանը, Կարապետ Բաբաջանյանն ու Անի Ղազարյանը:

Հայաստանի քաղաքացիները Լիբիայից տարհանվել են ռուսական ինքնաթիռով: Ռուսաստանի մայրաքաղաքում տարհանվածներին կդիմավորեն Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները: Նշենք, որ ԱԳՆ-ի ջանքերով կապ է պահպանվում Մերձավոր Արեւելքում Հայաստանի դեսպանատների հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նախօրեին Քադաֆին հանդես է եկել հեռուստատեսությամբ: Նա հայտարարել է, ինքը պաշտոն չունի, որը կարող էր լքել: «Մուամար Քադաֆին պաշտոն չունի, որ լքի այն: Նա նախագահ չէ, այլ հեղափոխության առաջնորդ, եւ այս հողի վրա նա կմեռնի որպես նահատակ»,- ասել է Քադաֆին: Նրա խոսքով, ինքը դեռ ուժի կիրառման հրաման չի տվել: «Բայց եթե ես անեմ դա, ամեն ինչ կրակի մեջ կլինի»,- նախազգուշացրել է Քադաֆին: