Տերմիտները, ինչպես նաեւ մի շարք այլ միջատներ, մեծ դեր ունեն էկոհամակարգերում՝ վերամշակելով օրգանական քիմիան եւ թարմացնելով հողը: Սակայն հնարավո՞ր է արդյոք այդ բնապահպանական արդյունքը գնահատել միայն տերմիտների միջոցով առանց որդերի, մրջյունների եւ այլն: Այդ նպատակով Հոնկոնգի, Լիվերպուլի եւ մի շարք այլ գիտական կենտրոնների հետազոտողները ձեռնամուխ են եղել բավականին աշխատատար եւ երկարաժամկետ գիտափորձի, հաղորդում է «Նաուկա ի Ժիզն»-ը՝ հղում կատարելով Science պարբերականի հոդվածին:
Բորնեոյի արեւադարձային անտառներում նրանք տեղադրել են թունավորած զուգարանի թղթի գլանափաթեթներ եւ թեյի փաթեթներ: Տերմիտները չէին կարող շրջանցել զուգարանի թուղթը, որը նրանց համար բջջանյութի շատ հարմար աղբյուր է, իսկ թեյի փաթեթները այն տերմիտների համար էին, որոնք ինչ-որ պատճառներով ուշադրություն չէին դարձրել թղթի վրա: Հողի այլ բնակիչների վրա թույնը չպետք է ազդեր, եւ իսկապես, թունավոր նյութից մահանում էին միայն տերմիտները, մինչդեռ ոչ բզեզները, ոչ մրջյունները, ոչ այլ անողնաշարավորները որեւէ անհանգստություն չեն զգացել թունավոր թղթից կամ փաթեթներից:
Համեմատության համար հողի մեջ տեղադրել էին նաեւ սովորական, չթունավորած գլանափաթեթներ, որոնք թարմացվում էին յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Science-ի հոդվածում ասվում է, որ թունավորած թղթով հատվածներում տերմիտների ակտիվությունը նվազում էր 45 տոկոսով, որը բավական էր հասկանալու համար, որ տերմիտների ներկայությունը կամ բացակայությունը ազդում է հողի վիճակի վրա:





























