Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները փաստացի ավարտել են կենսաթոշակային ապահովման համաձայնագրի նախագծի վրա աշխատանքը եւ դրա համաձայնեցումը: Այս մասին հայտնել է համագործակցության տնտեսական եւ ֆինանսական հարցերով քաղաքականության նախարար Թիմուր Ժակսիլիկովը, ում վկայակոչել է ԲԵԼՏԱ-ն:

«Առաջիկայում նախագիծը կքննարկեն ԵՏՀ Կոլեգիան եւ Խորհուրդը, որից հետո այն կուղարկեն կողմերին ներպետական ընթացակարգերով անցկացնելու, որոնք անհրաժեշտ են ստորագրելու համար»,- հստակեցրել է Ժակսիլիկովը՝ ԵՏՄ երկրների կենսաթոշակային ապահովման մարմինների ոլորտում լիազորված ղեկավարների տեղակալների հետ հանդիպմանը:

Փաստաթղթով նախատեսվում է, որ աշխատավորների կենսաթոշակային ապահովումը կիրականացվի աշխատանքի տեղավորող երկրների քաղաքացիների հետ հավասար պայմաններով՝ անկախ այն բանից, թե միության որ երկրում են աշխատել: Իհարկե, նախատեսվում է, որ երկրները պետք է վճարեն իրենց տարածքում աշխատանքի ստաժի համար:

«Յուրաքանչյուր պետություն կորոշի թոշակավորման իրավունքը եւ դրա չափը կհաշվարկի իր ազգային օրենսդրության համաձայն: Ընդ որում՝ թոշակավորման իրավունքի համար նախատեսված է ընդհանուր ապահովագրական ստաժը ԵՏՄ տարածքում աշխատանքային գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար»,- պարզաբանել է ԵՏՀ նախարարը:

Նա հավելել է, որ համաձայնագիրը նաեւ թույլ կտա լուծել թոշակի արտահանման եւ ԵՏՄ այլ երկրում աշխատանքային ստաժը հաշվի առնելու հարցը: Փաստաթուղթը կնպաստի միության քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը: