Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Լենուղու բնակիչների պահանջով այսօր՝ հունվարի 24–ին, այցելել է համայնք, տեղում ծանոթացել 4-րդ կարգի վթարային շենքի 22 ընտանիքների խնդիրներին: Մարզպետը շրջել է վթարային շենքի բնակիչների տներով, ծանոթացել նրանց պայմաններին և խոստացել հարցը բարձրացնել կառավարությունում: NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Արմեն Կարապետյանն ասաց, որ մարզպետը կոնկրետ ժամկետ չի նշել, սակայն ասել է, որ մեկ շաբաթում բնակիչներին պատասխան կտրվի. «Մենք վեշերով դուրս էինք եկել, որ գնանք դպրոց, ինքը ծանոթացավ իրավիճակին, ասաց, որ հարցը կլուծեն, դեռևս չտեղափոխվենք»:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Լենուղի համայնքում 22 ընտանիք շուրջ 30 տարի է, ինչ ապրում է 4-րդ կարգի վթարային շենքում: Շենքը վթարային է դարձել 1988 թ. երկրաշարժից հետո և մինչ օրս շարունակվում է շահագործվել:
Բնակիչները զրկված են կենցաղային և հիգիենիկ պայմաններից, խմելու ջուրը դույլերով են տուն բերում, չունեն կոյուղագիծ, բնական կարիքները հոգում են դույլերում:
Շենքի պատերը ճեղքվածքներ ունեն, հիմքը մի քանի գերանների վրա է ամրացրած, խոնավության պատճառով միջատներ և կրծողներ կան տներում: Եթե սեղմ ժամկետներում հարցին լուծում չտրվի, նրանք ընտանիքներով կտեղափոխվեն համայնքի դպրոցում բնակվելու:





























