Ամերիկացի ֆինանսիստ եւ միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ վախենում է ավտորիտար պետություններում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումից: Նա այս մասին հայտարարել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս: Բաց քաղաքացիական հասարակության համար նա «մահացու վտանգավոր» է համարել, օրինակ, ինքնուսույց մեքենաների եւ արհեստական ինտելեկտի օգտագործման հնարավորությունը որպես տոտալիտար իշխանությունների կողմից վերահսկողության գործիք, փոխանցում է DW-ն:
Սորոսը որպես օրինակ նշել է Չինաստանի իշխանությունների կողմից ներդրվող սոցիալական վարկանիշի համակարգը, ըստ որի կատարվում է քաղաքացիների գնահատումը պետությանը վտանգ սպառնալու հավանականության առումով: Չինական իշխանությունների հայտարարությամբ՝ համակարգի ներդրման հիմնական նպատակը «ներդաշնակ սոցիալիստական հասարակության կառուցումն» է: Նման հասարակության գլխավոր արժեքը ազնվությունն է, որը պետք է դրսեւորվի ամեն ինչի մեջ՝ համացանցում վարքագծից մինչեւ ծնողներին հարգելը:
Ժողովրդի մեջ այս որակը զարգացնելու համար Չինաստանի յուրաքանչյուր քաղաքացու համակարգը վարկանիշ կտա: Օրենքների խախտումների բացակայության, օգտակար հանրային գործունեության եւ օրինակ՝ վարկերի ժամանակին մարման համար միավորներ կտրվեն: Տարբեր ծանրության արարքների դեպքում միավորներ կհանվեն: «Այն անհատի ճակատագիրը ստորադասում է միակուսակցական պետության դեռեւս չգնահատված չափերի շահերին»,- նշել է Սորոսը:
Աշխարհում շատ ավտորիտար պետություններ կան, բայց հատկապես Չինաստանն է ամենահարուստը, հզորը եւ տեխնոլոգիական իմաստով զարգացած ավտորիտար ռեժիմը: Ֆինանսիստի կարծիքով՝ սա Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին դարձնում է «բաց հասարակությունների ամենավտանգավոր հակառակորդը»:
Սորոսը սուր քննադատության է ենթարկել նաեւ Չինաստանի քաղաքական-տնտեսական էքսպանսիան: Նա, մասնավորապես, նշել է, որ «Նոր Մետաքսի ճանապարհ» նախագծի շրջանակում ենթակառուցվածքային ներդրումների միջոցով Չինաստանը փորձում է ընդլայնել իր քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը անդամ երկրների վրա:
«Փաստացի ամբողջ աշխարհի հետ առեւտրային պատերազմի մեջ մտնելու փոխարեն, Թրամփը պետք է կենտրոնանա Չինաստանի վրա»,- կարծում է ֆինանսիստը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ում կանաչ լույս են վառում չինական հեռահաղորդակցային ZTE եւ Huawei կոնցեռնների ճանապարհին: Եթե չինական ընկերությունները գերակշռող դիրք գրավեն 5-րդ սերնդի (5G) բարձրարագ բջջային կապի տեխնոլոգիաների շուկայում, ապա Սորոսի կարծիքով՝ մնացյալ աշխարհի համար դա կնշանակի անկանխատեսելի ռիսկեր տեղեկատվական անվտանգության ոլորտում:




























