Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որը հունվարի 23-ին իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, չի բացառել Նիկոլաս Մադուրոյին եւ նրա դաշնակիցներին համաներում տրամադրելու հնարավորությունը, եթե նրանք օգնեն երկրին վերադարձնել ժողովրդավարությունը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Անցումային շրջաններում նման բաներ տեղի են ունենում: Համաներման մասին օրինագիծը քննարկվում է»,- հայտարարել է նա Univision-ի հետ հարցազրույցում:
Նրա խսքով՝ համաներումը կտարածվի բոլորի վրա, ովքեր պատրաստ են օգնել Վենեսուելային վերադարձնել սահմանադրական կարգը:
Ընդդիմության առաջնորդ Գուայդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ էր հռչակել եւ երդվել փողոցում՝ իր հազարավոր կողմնակիցների առաջ: Դրանից հետո ԱՄՆ-ն, Կանադան, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը, ինչպես նաեւ այլ պետություններ Գուայդոյին պաշտոնապես ճանաչել էին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:
Ի պատասխան Մադուրոն հայտարարել էր ԱՄՆ-ի հետ դիվանագիտական եւ քաղաքական հարաբերությունների խզման մասին: Նա 72 ժամ էր հատկացրել, որպեսզի ամերիկացի դիվանագետները Վենեսուելայի տարածքը լքեին: Խուան Գուայդոն իր հերթին հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ բոլոր արտասհմանցի դիվանագետներին կոչ է անում մնալ Վենեսուելայում: Նա Մադուրոյի կարգադրությունն ապօրինի էր համարել:
Նիկոլաս Մադուրոն նախօրեին հայտարարել էր, որ մտադիր չէ իր պաշտոնից հեռանալ մինչեւ 2025 թվականին մանդատի լրանալը:




























