ԱՄՆ-ն բանակցություններ է վարում «Թալիբան» արմատական շարժման հետ այն հնարավորության հետ կապված, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման դիմաց թալիբները երաշխիքներ կտան իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում ահաբեկչական խմբավորումներին չթաքցնելու մասին, հայտնում է The New York Times-ը:
Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ նման քննարկումներ են վարվում ԱՄՆ եւ «Թալիբանի» ներկայացուցիչների միջեւ խորհրդակցությունների ժամանակ, որոնք այս օրերին ընթանում են Դոհայում: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Պետքարտուղարության Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը:
Աղբյուրները նշում են, որ առայժմ չի հաղորդվել որեւէ վերջնական պայմանավորվածության մասին: Մասնավորապես՝ կողմերը դեռեւս պետք է համաձայնության հասնեն ԱՄՆ զինծառայողների թվի հարցում, որոնք կարող են Աֆղանստանից հեռանալ, ինչպես նաեւ դուրսբերման ժամկետների հարցում, նշում է պարբերականը: Նրա տեղեկություններով՝ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել «Թալիբանի» կողմից հաստատուն երաշխիքների դիմաց: Ընդ որում, ինչպես ընդգծում է The New York Times-ը, ԱՄՆ զորքերի դուրսբերման դեպքում դժվար կլինի ստուգել նման երաշխիքների պահպանումը:
Պարբերականին թալիբների նախկին ներկայացուցիչը, որը մինչեւ հիմա նրանց հետ սերտ կապեր է պահպանում, հայտնել է, որ ամերիկացի բանակցողները նախնական պայմանավորվածությունների են հասել զորքերի դուրսբերման հարցում այն բանից հետո, երբ «Թալիբանից» խոստացել են, որ Աֆղանստանն այլեւս չի դառնա այնպիսի ահաբեկչական խմբավորումների համար ռազմահարթակ, ինչպես «Ալ Քաիդան»: Նա պնդել է, որ կողմերը, հնարավոր է, արդեն առաջիկայում հայտարարեն պայմանավորվածությունների մասին:




























