Ռոբոմարտը, որը ստարտափի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Ալի Ահմեդի բնորոշմամբ «աշխարհի առաջին ինքնավար մթերային խանութ է անիվների վրա», կսկսի աշխատել ԱՄՆ-ում ավելի ուշ այս տարի։ Սան Ֆրանցիսկոյում հիմնված ստարտափի հետ պայմանագիր է կնքել ամերիկյան Stop & Shop մթերային խանութների ցանցը։ Մինչեւ այս Ռոբոմարտը փորձարկումներ էր անցնում Կալիֆորնիայում։ Ռոբոմարտի վերջին նորությունների մասին NEWS.am-ը զրուցել է ստարտափի համահիմնադիր ու գլխավոր տեխնիկական տնօրեն Տիգրան Շահվերդյանի հետ։

Շարժական մթերային խանութների ռոբոտիզացված համակարգի՝ Ռոբոմարտի, այսինքն՝ Ձեր ստարտափի հետ պայմանագիր է կնքել ԱՄՆ ամենամեծ սուպերմարկետների ցանցերից մեկը՝ Stop & Shop-ը։ Կպատմես մանրամասները, կա՞ արդեն իրական ծառայություն, ինչպե՞ս են հաճախորդները ընդունել առաջին հայացքից ֆանտաստիկայի ժանրից թվացող այս նորամուծությունը։

Մենք այժմ փորձարկումների փուլում ենք։ Սա կլինի մեր առաջին պայմանագրային տեղակայումը:

Ռոբոմարտը միանգամից մի քանի յուրահատկություն ունի։ Օրինակ տեխնիկայի վաճառասրահում մարդկանց համար տարբերություն չկա, թե ցուցափեղկից, որ հիշողության քարտը, ականջակալը կամ մեկ ուրիշ բան կգնեն, իսկ ռոբոմարտը ինքնավար "մթերային խանութ է անիվների վրա", իսկ մթերքը գնորդը սիրում է "ջոկել": Բայց թարմ մթերքը արագ փչանալու հատկություն ունի։ Ինչպես եք այս եւ այլ յուրահատուկ խնդիրները լուծել։

Շատ ճիշտ նկատեցիք։ Սպառողների մեծամասնությունը նախընտրում է մթերքն անձամբ տեղում ստուգել ապա գնում կատարել։ Ռոբոմարտը ունի սառեցման համակարգ, որը ներքին ջերմաստիճանը պահում է պահանջվող մակարդակի վրա եւ համալրվում է ապրանքով օրը մի քանի անգամ:

Գործնականում ինչպես է տեղի ունենում Ռոբոմարտի ու գնորդի «հանդիպում-շփումը», եւ կարո՞ղ է արդյոք հաճախորդը «խանութը կանչել», բայց գնում չկատարել։

Լավ հարց է։ Սպառողը  ռոբոմարտին կանչելու է հավելվածի միջոցով, ինչպես օրինակ դա արվում է gg-ի կամ Uber–ի դեպքում։ Երբ ռոբոմարտը ժամանի, սպառողը սմարթֆոնին հաղորդագրություն կստանա, որ «խանութը» դրսում սպասում է։ Սպառողները կարող են ռոբոմարտի դռները բացել միայն հավելվածի միջոցով։ Մեր համակարգը կգրանցի այն ամենն, ինչը կվերցնի հաճախորդը։ Գնումից հետո հավելվածի վրա սեղմվում է «ավարտված է» կոճակը, ինչից հետո ռոբոմարտի դռները կփակվեն, համակարգը կուղարկի վճարման անհրաժեշտ կտրոնն ու գանձում կկատարի քարտից։ Առանց գնում կատարելու նպատակով «խանութ» կանչող հաճախորդների քարտից հնարավոր է «գնման չեղարկման» գումար գանձենք, նման դեպքերը կանխելու նպատակով։

Վստահ եմ, որ նախագծելու ընթացքում, թիմում հնչեցվել է այս հարցը՝ "ինչ ենք անելու, եթե ռոբոմարտը հայտնվի խցանման կամ ճանապարհատրանսպորտային պատահարում"։ Ո՞րն է ձեր պատասխանը։

Մենք խցանումը որպես մեծ խնդիր չենք տեսնում: Ռոբոմարտները դանդաղ երթևեկող էլեկտրական մեքենաներ են, որոնց ամենաբարձր արագությունը 40 կմ/ժ է: Նրանք գործելու են սահմանափակ տարածքներում, երբեք դուրս չեն գալու մայրուղիներ և քանի որ երբեք չեն տեղափոխելու ուղևորներ, միշտ առաջնահերթություն են տալու շրջակա մարդկանց անվտանգությանը։ Մենք նախագծել ենք ու ստեղծել ենք ռոբոմարտներին այն նպատակով, որ նրանք լինեն ամենանվտանգ ճանապարհային մեքենաների շարքում: Հենց դրա համար էլ մարմինը ստեղծել ենք թեթև համեմատաբար փխրուն նյութից ու նախատեսում ենք նախնական տեղակայումների ժամանակ նրանց հեռակա կառավարենք: Սակայն նույնիսկ, եթե ինչ-որ պատահար լինի, որը քիչ հավանական է, ապա մենք ունենք արտակարգ իրավիճակների ծառայությունների ու առաջին արձագանքողների, ինչպես նաև իրավապահների համար նախատեսված ուղեցույցներ:

Անկեղծ ասեմ, առաջին անգամ երբ տեսա Ռոբոմարտի ֆոտոն, արձագանքս հետևյալն էր "ֆանտաստիկ է"։ Ի՞նչ այլ արձագանքներ եք ստացել։

Մարդկանցից հիմնականում լսել ենք նախագծի մասին դրական խոսքեր, ու սիրով օգտվելու պատրաստակամություն։

Մեր վերջին հարցազրույցում, դուք նշել էիք, որ նախատեսում եք առաջիկայում ինքնավար տրանսպորտային ինդուստրիայում գործունեություն ծավալել, մի քանի ամիս անց մենք արդեն տեսնում ենք այս տարվանից գործարկվող Ռոբոմարտը։ Բնականաբար ցանկանում եմ կրկին հարցնել առաջիկայի ձեր ծրագրերից։

Մոտ ապագայում նախատեսում եմ ամբողջովին կենտրոնանալ Ռոբոմարտի ճարտարագիտական աշխատանքները առաջնորդելու վրա։

Շնորհակալ եմ  հարցազրույցի համար և սպասում ենք Ռոբոմարտին նաև Հայաստանում։

Շնորհակալ եմ, մեծ հաճույքով։