Ճանապարհային ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններն ուշացած են․ այսօր NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այսպիսի կառույցը Վրաստանում գործում է 10 տարուց ավելի եւ այնտեղ ապացուցել է իր արդյունավետությունը։
Տիգրան Հովհաննիսյանը, սակայն, չի շտապում գնահատականներ տալ Հայաստանի պարագայում, նշում է՝ պետք է պրակտիկայում տեսնել, ապա նոր գնահատականներ տալ։
Նա վստահ է՝ ճանապարհային ոստիկանության գործառույթների ավելացման հետ մեկտեղ պետք է ավելանան նաեւ ոստիկանների աշխատավարձերը կոռուպցիոն տարատեսակ սխեմաներից խուսափելու համար։
Տիգրան Հովհաննիսյանը անհրաժեշտ է համարում նաեւ ճանապարհային ոստիկանների համալրումը, նշում է՝ շատ հաճախ խցանումների մեջ վարորդը փողոցում խնդրի հետ միայնակ է մնում, վթարները շատանում են, իսկ այդ հարցը պետք է լուծվի հենց ոստիկանի միջամտությամբ, նրանք պետք է անմիջապես գան, օգնեն։
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահը չի կարծում, թե ճանապարհային երթեւեկության անվտանգությունը կարող է տուժել գործառույթների ավելացման հետ, պնդում է՝ նախկինում էլ, երբ արագաչափեր եւ տեսախցիկներ չկային, վարորդները զգուշանում էին, որ խաչմերուկից կարող է ոստիկանը դուրս գալ եւ խախտումը արձանագրել, սակայն նկատում է՝ հնարավոր է խախտումները աչքաթող արվեն, այդ դեպքում տեսախցիկներն իրենց դերակատարությունը պետք է ունենան. «Մենք դեմ ենք ոչ թե տեսախցիկների քանակին, այլ գործառույթներին։ Թող դրանք լինեն, բայց օգտագործվեն բարդ իրադրությունների, վթարների արձանագրման համար»։
Հովհաննիսյանի կարծիքով՝ պետք է կառուցվածքային փոփոխություններին զուգահեռ աշխատել ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ, իսկ պարեկային ոստիկանությունը կարող է աշխատել հասարակության հետ, դեպքերին անմիջապես արձագանքել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ Ճանապարհային ոստիկանության հիմքի վրա կստեղծվի հասարակական անվտանգության ոստիկանություն, որի գործառույթների մեջ կմտնի բոլոր իրավախախտումներին, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության խախտումներին արձագանքելը:




























