The Daily Telegraph թերթը ներողություն է խնդրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփից եւ համաձայնել է վճարել ամերիկյան նախագահի կնոջը անցած շաբաթ հրապարակված հոդվածում հասցված «էական վնասը», տեղեկացնում է BBC News-ը։

«Մելանյայի գաղտնիքը» հոդվածը, որը զարդարել է պարբերականի շապիկը, մեղադրել են մի քանի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների համար։

Մասնավորապես, հոդվածում ասվում էր, որ Մելանյա Թրամփը դժվարություններ է ունեցել իր մոդելային կարիերայում, մինչեւ որ հանդիպել է իր ամուսնուն։ Բացի այդ, հոդվածում ասվում էր, որ առաջին տիկինն իբր լաց է եղել նախագահական ընտրությունների գիշերը։

Իր հայտարարությունում պարբերականը խոստովանում է, որ չպետք է նման բաներ հրապարակեր եւ նշել է, որ միսիս Թրամփը հաջողակ մոդել էր մինչեւ ամուսնուն՝ Դոնալդ Թրամփին հանդիպելը եւ կարողացել է հաջողության հասնել առանց նրա օգնության։