Փաստաբանական ծառայությունները չունեն շրջանառության մեծ շրջանակ եւ հաշվապահական գործառույթներ չեն պահանջում, մինչդեռ Հարկային օրենսգրքի փոփոխություններով փաստաբանների ստիպված կանգնելու են հաշվապահական դժվարությունների առջեւ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան փաստաբան Գեւորգ Դավթյանը՝ անդրադառնալով նախատեսվող հարկային փոփոխություններին:

«Ենթադրենք ծառայության դիմաց վճարը եղավ X գումար, ասենք 100 հազար դրամ, դրա 5 տոկոսը, այսինքն 5 հազար դրամը պետությանն է: Իսկ նոր փոփոխության դեպքում, այդ նույն 100 կամ 150 հազար դրամից հաշվարկվում է մոտ 40 տոկոս հարկ, չհաշված դրա հաշվարկման բարդությունը:

Մենք այստեղ նաեւ խնդիր ենք ունենում փաստաբանական գաղտնիքի հետ, որվհետեւ մենք խոցելի ենք դառնում եւ հնարավոր է դառնում, որ պատկան մարմինները մեզ մոտ կատարեն համապատասխան ստուգումներ, որի հիման վրա շատ բաներ կարող են բացահայտվել:

Օրինակ, մենք ծառայություն ենք մատուցում այս կամ այն պաշտոնյային, եւ այդ դեպքում մենք դառնում ենք խոցել, քանի որ կարող են մեր գործունեության վրա ներազդելով ստիպել, որ մենք անենք այնպես, ինչպես իրենց է ձեռնտու»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ այս առնչությամբ հայտարարությամբ էր հանդես եկել Փաստաբանների պաշատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ փաստաբաններին ԱԱՀ-ով հարկելու դեպքում, 20 տոկոսով թանկանալու են փաստաբանական ծառայությունները:

«Շրջանառության հարկի ռեժիմը, որով գործում են փաստաբանների մոտ 95 տոկոսը, պարզեցված է բոլոր առումներով: ԱԱՀ ռեժիմի դեպքում, փաստաբանները ստիպված են լինելու հատուկ մասնագետների ծառայություններից օգտվել, ժամանակ ծախսել բարդ հաշվապահական ձեւակերպումների վրա եւ հայտնվել հարկային մարմնի առավել խիստ վերահսկողության ներքո, ինչը վերջին իրադարձությունների ֆոնի վրա, կարող է ազդել փաստաբանի անկախության վրա»,-նշել էր Զոհրաբյանը: