Թերթը զրուցել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

…Շատ հաճախ իշխանավորների երեխաները, խմանի-բարեկամները հանցանք գործելու դեպքում չեն պատժվում, ինչն անվստահության մթնոլորտ է ստեղծում: Մարդն ուզում է տեսնել, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են:

Այն կարծիքը, թե օրենքը չի գործում իշխանավորների համար, հասարակության մեջ ձեւավորվել է տասնյակ տարիների ընթացքում:  Շատ դժվար է արդեն ձեւավորված մտածողությունը մի քանի տարում փոխել: Չեմ բացառում, դրանում մեղավորության մասնաբաժին ունենք նաեւ մենք` բոլոր ժամանակների պաշտոնյաներս: Սակայն գիտակցում ենք, թե նշված խնդիրն ինչպես է հարվածում երկրի վարկանիշին, եւ դրա դեմ լուրջ պայքար ենք ծավալել:  Փաստ է, որ մեր երկրի նախագահը նման դեպքերում որեւէ մեկին չի փորձում անհարկի արդարացնել: Օրենքի նկատմամբ ցինիզմը պատժվում է օրենքի ողջ խստությամբ: Դրա հերթական հավաստումն է իշխանավորների եւ օլիգարխների թիկնազորի պահվածքին վերաբերող անդրադարձը:  

Այնուամենայնիվ, թիկնապահների սանձարձակ պահվածքն իրողություն է, եւ կուզենայի, որ այդ երեւույթի պատճառը գնահատեիք ոչ միայն որպես ոստիկանապետ, այլեւ որպես մարդ։

Այդ երեւույթը 3-4 տարվա ծնունդ չէ՝ բոլոր ժամանակներում էլ եղել է։ Նորանկախ Հայաստանում նշված երեւույթը ցայտուն է, որովհետեւ դրա մասին ազատ խոսելու իրավունք տրվեց։ Չի բացառվում, որ այն գալիս է նախնադարյան համայնական հասարակարգից։ Երեւի թե այդ մոտեցումը ժառանգել են առաջնորդներից, որոնք իրենց արտոնյալ վիճակում էին զգում որսի միսը բաժանելիս։

Այսինքն, նախնադարում եվրոպացին մամոնտի բուդն ավելի քաղաքակիրթ ձեւո՞վ է կտրել, որ Եվրոպայում օրենքի առջեւ բոլորը հավասար են։

Նախնադարում եվրոպացի առաջնորդը նույն ձեւով է կտրել միսը, ուղղակի հետագայում նա սուր դանակ է կիրառել, իսկ խորհրդային երկրներում հին ձեւը երկար ժամանակ պահպանվել է... Արդյոք մենք ինքներս մեզ համար չե՞նք բարդացնում կյանքը՝ անընդհատ ընդգծելով պաշտոնը։ Իհարկե, բարդացնում ենք։

Հիմա ի՞նչ անենք, որ մեզ մոտ էլ օրենքը գերակայի։

Պայքարենք բոլորս միասին՝ դուք՝ լրագրողներդ, մենք՝ ոստիկաններս, ողջ բնակչությունը։ Մեր ժողովուրդն արարող, ստեղծարար ժողովուրդ է, երկիրն ունի նորմալ իշխանություն, քաղաքական ղեկավարություն, որը հենց երկրի բարօրության համար է մտահոգված, ուղղակի պետք է չխանգարել։ Միասին է պետք արարել։