Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա չորրորդն էր թավշյա հեղափոխությունից հետո եւ առաջինը, երբ Հայաստանի վարչապետը մեկնել էր լիովին լեգիտիմ կարգավիճակով, առանց «պաշտոնակատար» հավելման կամ «նոր հայկական առաջնորդի» ոչ ֆորմալ պաշտոնում։ Այցը նվիրված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի սկսվող նախագահությանը, եւ ակնկալվում է, որ Փաշինյանը հանդես կգա ելույթով Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵԱՏՀ)։ Փաշինյանի ներկայիս այցը Մոսկվա կարող է առաջինը լինել, երբ նա չի հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել ստորգետնյա խութեր չփնտրել։ «Որքան գիտեմ, բանակցություններ չեն նախատեսվում, ուրբաթը հագեցած օր է նախագահի համար... Չգիտեմ՝ կլինե՞ն արդյոք ինչ-որ փոփոխություններ, բայց առայժմ ինչ-որ շփումներ չեն համաձայնեցվել»,- ասել է նա՝ նշելով, որ Պուտինն ու Փաշինյանը «բավական հաճախ են շփվում հեռախոսով ու շատ հաճախ հանդիպում են»։
«Այնուամենայնիվ, որոշակի պատճառներ կարծելու, թե Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններն այնքան էլ անամպ չեն, կան։ Ռուսական կողմը, «ՆԳ» իրազեկ աղբյուրի խոսքով՝ դեռեւս բավականաչափ չի վստահում Հայաստանի նոր իշխանություններին»,- հաղորդում է պարբերականը։
Ինչպես նշում է «ՆԳ»-ն, որոշ հայտարարություններ, մասնավորապես՝ Չինաստանի կամ Շվեդիայի հետ ռազմաառեւտրային հարաբերություններ հաստատելու փորձերի վերաբերյալ, աննկատ են մնացել Մոսկվայում։ «Չկարողացան բարձրացնել ՌԴ-ին պատկանող տնտեսվարող սուբյեկտների ստուգման վստահության աստիճանը։ Էլ չեմ ասում նախկին պաշտոնյաների հանդեպ քրեական գործերի մասին, որոնք այս կամ այն չափով կապված են ռուս քաղաքական կամ բիզնես շրջանակների հետ։ Դրանցից ամենակարեւորը կալանման մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որն, ասում են, Պուտինի անձնական բարեկամն է»,- նշում է թերթը։
Թերթի կարծիքով՝ ռազմավարական գործընկերոջ հանդեպ դժգոհություններ ունի նաեւ Երեւանը։ Գլխավորն ու ամենավիրավորականը Ադրբեջանին սպառազինությունների շարունակվող մատակարարումն է։ Այս տարվանից գազի մատակարարման գնի թանկացումը, ռուսական կողմի հետ լրացուցիչ բանակցություններից հետո, չի անդրադառնա բնակչության վրա։ Գյումրիում ռազմակայանի զինծառայողների մասնակցությամբ հաճախակի տեղի ունեցող միջադեպերը՝ եւս։ Այս թվարկմանը ավելանում է նաեւ ոչ օբյեկտիվ, ըստ հայկական իշխանությունների կարծիքի, ռուս հեռուստալրագրողների վավերագրական ֆիլմը 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին, որոնց պատճառով այսօր ճաղերի հետեւոմ է հայտնվել Քոչարյանը։
Այս համատեքստում Փաշինյանի Մոսկվա այցելության ծրագրում Պուտինի հետ բանակցությունների բացակայությունը ձեռք է բերում տագնապալի երանգ։ Մանավանդ հայ հասարակության ընկալմամբ, որն արդեն սկսել է հարցեր տալ հեղափոխությունից հետո կենսակերպի առնվազն չբարելավվելու պատճառների մասին։
Հայաստանի վարչապետի հանդեպ թերահավատ վերաբերմունքի սնուցման հարցում զգալի դեր է խաղում Հանրապետական կուսակցությունը, որը տեղերը կորցրեց գործադիր իշխանությունում՝ չանցնելով խորհրդարան, բայց վերահսկողության տակ է պահում մի շարք լրատվամիջոցներ։ Վարչապետի յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հանդիպում ենթարկվում է մանրակրկիտ քննման եւ ուղեկցվում միտումնավորության տարբեր աստիճանի եզրահանգումներով ու ենթադրություններով։ Վերջին օրերին թիվ մեկ թեման Դավոսում Նիկոլ Փաշինյանի ոչ ֆորմալ հանդիպումն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Փաշինյանը ինքն էլ ջանում է իր ամեն մի նկատելի գործողությունը, թյուր մեկնաբանություններից խուսափելու համար, բացատրել սոցիալական ցանցերում, ասել է, որ ոչ մի առանձնահատուկ բան Ադրբեջանի նախագահի հետ չի քննարկել։ Բայց դրանով էլ ավելի շատ հարցեր է հարուցել. ինչպե՞ս կարելի է ոչինչ չքննարկել մի հանդիպմանը, որը տեւել է մեկուկես ժամ։ Սվիններով է ընդունվել նաեւ վարչապետի մեկ այլ հայտարարությունը՝ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին, որը կայացել է հունվարի 23-ին։ Փաշինյանն ասել է, որ զրույցն ընթացել է ամերիկա-հայկական հարաբերությունների մասին արցախյան (ղարաբաղյան) համատեքստից դուրս, ինչն ընդդիմադիր միջավայրում ընկալվել է տարակուսանքով։
Ստեղծվող իրադրությունը՝ ոչ առանց նախկին իշխանությունների ու նրանց մերձավոր փորձագետների մատուցմամբ, նպաստում է Լեռնային Ղարաբաղի շուրջ լուրերի տարածմանը, թե Բաքվի եւ Երեւանի միջեւ հաճախակիացած շփումները կապված են ստատուս-քվոյի պատրաստվող փոփոխության հետ։
«Հարց է ծագում. չե՞ն պատրաստվում արդյոք Հայաստանի նոր իշխանությունները հրաժարվել ձեւավորվող այն դիրքորոշումից, որը նախատեսում է ղարաբաղյան խնդրի» փաթեթային լուծում»։ Սա նշանակում է Բաքվի իրավազորության վերականգնում չճանաչված հանրապետության շրջաններում (անվտանգության գոտի), փախստականների վերադարձ, Հայաստանի ապաշրջափակում, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ինքնիշխանության ճանաչում։ Նման կասկածներն ամրապնդվում են նրանով, որ Երեւանը ձեռնամուխ է եղել մի ինչ-որ ծրագրի իրագործմանը բնակչությանը խաղաղ կյանքի պատրաստելու ուղղությամբ՝ համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել Փարիզում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ. տեղական հեռուստաալիքներով սկսել են հեռարձակել ֆիլմեր եւ հաղորդումներ այն մասին, թե ինչպես էին երկու ժողովուրդները ոչ այնքան վաղուց ապրում հաշտ ու համերաշխ, եթե չասենք ավելին՝ միմյանց հետ»,- նշում է պարբերականը։
«Բայց այս բոլոր շտրիխներով հանդերձ՝ չկա ակնարկ անգամ, որ հայկական կողմը հաշտվել է ադրբեջանական սցենարով հանգուցալուծման հետ, որը նախատեսում է, որ Լեռնային Ղարաբաղը կստանա լայն ինքնավար իրավունքներ Ադրբեջանի կազմում։ Որեւէ բան չկա նաեւ հօգուտ այն բանի, որ Ադրբեջանը մտածում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- գրում է «ՆԳ»-ն։




























