Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 26-ին, մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը նախ ներկայացրել է 2018 թ. հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2018 թ., ունենալով ներքաղաքական առումով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգ, ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջեւ դրված խնդիրները. օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկել է ընդհանուր օպերատիվ իրավիճակը:

Ապրիլ-մայիս ամիսներին ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները ներգրավված են եղել ներքաղաքական զարգացումների ընթացքում հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում: Բացի այդ, պատկան մյուս գերատեսչությունների հետ համատեղ ոստիկանության ծառայողները ներգրավված են եղել նաեւ 2018 թ. համապետական եւ միջազգային նշանակության զանգվածային միջոցառումների պատշաճ կազմակերպման եւ անցկացման աշխատանքներում:

Ոստիկանության զորքերի ծառայողները 2018 թ. օգոստոսից ներգրավվել են մարտական հերթապահության ՀՀ պետական սահմանի պահպանության գործում:

ՀՀ ոստիկանապետը զեկուցել է 2018 թ. հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումների, հանցագործությունների բացահայտման վիճակի եւ աշխատանքների արդյունավետության, այդ նպատակով ներդրված նոր մեխանիզմների, ինչպես նաեւ ոստիկանությունում օրինականության պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ:

Վ. Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունը, հաշվի առնելով հանցավորության շարժընթացում առկա խնդիրները, հանդես է գալու գողությունների, այդ թվում՝ բնակարանային, կանխարգելման եւ բացահայտման աշխատանքների բարելավմանն ուղղված համալիր ծրագիր մշակելու նախաձեռնությամբ՝ քննարկումներում ներգրավվելով բոլոր գերատեսչությունները: Ծրագիրը վերջնական տեսքի բերվելուց հետո կներկայացվի կառավարության քննարկմանը: