Facebook կայսրության հիմնադրման օրվանից այն հենվում է երկու ուժի վրա՝ ինժեներների բաժին, որը ղեկավարում է Մարկ Ցուկերբերգը, եւ վաճառքի բաժին, որը կառավարում է օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը։

Ինչպես տեղեկացնում է Esquire-ը՝ վկայակոչելով CNBC-ն, 2015թ. նյույորքյան գրասենյակում այս երկու կողմերի միջեւ դիմակայություն սկսվեց. ինժեներները գերադասեցին շենքում, այդ թվում եւ ճաշարանում պտտվել առանց կոշիկների (ոմանք բոբիկ էին ման գալիս), այն դեպքում, երբ վաճառքի բաժինը պարտադրում էր կոշիկի «դրես-կոդ»։

Facebook-ի նախկին աշխատակիցը պատմել է, որ տեսել է, թե ինչպես է ինժեներներից մեկը բոբիկ մտել զուգարան, իսկ հետո անմիջապես գնացել ճաշարան։ Վաճառքի մենեջերներին զայրացրել է նման իրադրությունն այն պատճառով, որ նրանք հաճախ գրասենյակ են հրավիրում խոշոր կլիենտների, իսկ նրանք հաճախ օգտվում են սրճարանից։ «Էյ, մենք հաճախորդներ ունենք։ Խնդրում ենք, նկատի ունեցեք, որ սա պրոֆեսիոնալ միջավայր է»,- դիմել են նրանք ինժեներներին։ Ի պատասխան՝ ծրագրավորողները հայտարարել են, թե ընկերությունում բոլորը ճաշարանին վերաբերվում են որպես «հյուրասենյակի», որտեղ ոչ մեկին չես զամացնի հողաթափերով կամ կոշիկի բացակայությամբ։

Արդյունքում՝ ներքին սոցիալական ցանցում խոշոր վեճ բռնկվեց հարյուրավոր մեկնաբանություններով, որն անգամ հետագայում Shoegate անվանեցին։ Ինչպես գրում է CNBC-ը, ոչ ոք չհաղթեց այս դիմակայությունում, իսկ կոնֆլիկտի էությունն այն էր, որ բաժինները փորձում էին պարզել, թե ով է ավելի կարեւոր՝ ծրագրավորողնե՞րը, ապրանք ստեղծողնե՞րը, թե՞ վաճառքի մենեջերները, որոնք «նավակը ջրի երեսին են պահում»։

Պարբերականը նշում է, որ ինժեներների բաժնում հիմնականում աշխատում են երիտասարդ տղամարդիկ, որոնք գերադասում են լռությունը եւ առավելագույն հարմարավետությունն ախատանքային տարածքում, իսկ վաճառքի բաժնում շատ ավելի «աղմկոտ» աշխատողներ են՝ տարբեր տարիքի եւ սեռերի։ Վաճառքի բաժնի լավագույն աշխատողները շատ ժամանակ են ծախսում, որպեսզի կապեր հաստատեն ինժեներների հետ, որովհետեւ նրանց այցելուները կարող են բախվել տեխնիկական խնդրի։ Միեւնույն ժամանակ, բնավ պարտադիր չէ, որ ծրագրավորողները շփվեն վաճառքի բաժնի աշխատակիցների հետ, իրենց ողջ կարիերայի ընթացքում նրանք կարող են ոչ մի անգամ չհանդիպել նրանց։

Facebook-ի գրասենյակների մեծ մասում ինժեներներն ու «վաճառողները» իսկապես միմյանց չեն հանդիպում։ Օրինակ, Կալիֆորնիայում նրանք աշխատում են առանձին շենքերում։ Բայց երբեմն տեղի են ունենում փոխգործակցության դեպքեր, որոնք վերածվում են ավելի քան լարվածության, որի հետ ամեն օր բախվում է Facebook-ը. օգտատերերի համար որակյալ արտադրանք ստեղծելու պարտավորությունը պետք է համապատասխանի գովազդատուների պահանջներին։