Որտեղ եւ ով է կատարելու մահացած Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների փորձաքննությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Պետք է բացառել, որ քննչական մարմինը կամ այլ մարմիններ ճնշում գործադրեն փորձագետների վրա:

Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում մահացել է 44 օր հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը։ Այս դեպքը, ակնառու դարձրեց ոչ միայն ընտրովի արդարադատություն, այլեւ ընտրովի իրապաշտպաններ ունենալու փաստը։ Իհարկե, աննախադեպ է, երբ քրեակատարողական հիմնարկում անձը կարող է մահանալ հացադուլի հետեւանքով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով նման իրավիճակը արդեն իսկ մարդու իրավունքների խախտում է։ Կարծում եմ, քննարկումներից զատ հիմա բոլորս ունենք կարեւոր պատասխանատվություն՝ աչալուրջ հետեւել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին։ Մահվան հանգամանքների պաշտոնական պատասխանի համար։ Սա հույժ կարեւոր է նաեւ ՄԻԵԴ-ում տուժողի իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար։ Պետք է բացառել, որ քննչական մարմինը կամ այլ մարմիններ ճնշում գործադրեն փորձագետների վրա։

Մասնավորապես՝ որտե՞ղ է կատարվելու փորձաքննությունը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ է արձանագրելու փորձաքննությունը»:

Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ ՀՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախապատրաստվող նյութերով նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ նրա մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից: