Այսօր՝ հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Գարեգին Բ կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս. Հովհաննես մատուռ-մկրտարանում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, Մայր Աթոռի միաբաններ, ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներ:
Սուրբ Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանն անդրադարձավ օրվա խորհրդին՝ նշելով, որ հայ քրիստոնյան թե՛ հոգևոր, թե՛ առօրյա կյանքում և թե՛ ծառայության մեջ մշտապես պետք է լինի արթուն, որովհետև զգոնությունը թուլացնելու, թմրելու ու ննջելու իրավունք չունի, այլապես անխուսափելի կորուստներ կունենա:
«Սակայն ինչպես որ չարը՝ սատանան է փորձում քրիստոնյա մարդու զգոնությունը թուլացնել, ուշադրությունը շեղել փրկության գերխնդրից շեղելու համար, այդպես էլ մեր մարմնավոր թշնամին է փորձում մեր ընդհանուր, այդ թվում՝ բանակի ուշադրությունը շեղել և մեր արթնությունը չեզոքացնել զանազան ճանապարհներով ու ստոր միջոցներով: Հետևաբար այս կոչն արդիական է բազմապատիկ չափով և միշտ հնչում է այսպես. «Արթո՛ւն կացեք և պատրա՛ստ եղեք, որովհետև չգիտեք, թե թշնամին որ ժամին կգա»:
Ս. Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին Երկնավոր Տիրոջը Հայաստան աշխարհի խաղաղության ու անսասանության և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար: Այնուհետև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Հայրապետն օրհնեց սպայական անձնակազմին ու զինվորներին բաշխվելիք «Աշոտ Երկաթի Խաչ» կրծքանշանները:
Ապա Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն:
Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ԱՀ ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին, ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին, Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին, ՀՀ ՊՆ ԲՍԽ խմբի անդամ գենարալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանին, ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Գայանե Հովհաննիսյանին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանապետի տեղակալ գնդապետ Աղասի Բագրատունյանին, ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորման հրամանատար գնդապետ Ժիրայր Պողոսյանին և ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Կիրակոսյանին: Վեհափառ Հայրապետը նաև «Աշոտ Երկաթի Խաչ» կրծքանշաններ հանձնեց նաև ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, պաշտպանության նախարարի տեղակալներին, վարչության պետերին ու բարձրաստիճան սպաներին:
Ընդունելության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ արժանացան պարգևների:
«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ հանձնվեց Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Արամ քահանա Միրզոյանին, Արարատյան Հայրապետական թեմի Երևան քաղաքի Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանին, գնդերեցներ Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Հագեյանին ու Տ. Երեմիա քահանա Սարգսյանին: «Դրաստամատ Կանայան» մեդալ շնորհվեց գնդերցներ Բարեշնորհ Գևորգ սարկավագ Ստեփանյանին, Մանվել սարկավագ Սարգսյանին և Հակոբ սարկավագ Մալխասյանին:
Պաշտպանության նախարարը, շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին, շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին զինվորականների նկատմամբ դրսևորվող մշտական հոգածության և ուշադրության համար: Պրն. Տոնոյանը կարևորեց գնդերեցների ծառայությունը ՀՀ Զինված ուժերում, նաև վստահեցրեց, որ Հայոց բանակի քաջարի զինվորները հանդարտ հոգով և անսասան հավատով անելու են առավելագույնը հանուն Հայրենիքի պաշտպանության:





























