Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ներդրման դեպքում աուդիտորական եւ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների ֆինանսական բեռը կարող է 8 անգամ մեծանալ: Հունվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ մոտեցումը, որը կիրառվել է հարկմանը վերաբերող օրենքներում կատարվող փոփոխությունների օրինագծերի քննարկման ժամանակ, նոր իշխանությունների օրոք փոփոխություն չի կրել: «Օրինագծի մշակումն իկրականացվել է առանց հանրային լայն քննարկման: Ըստ երեւույթին, նրանք, ովքեր նախագիծը մշակել են, այս ոլորտի առանձնահատկությունների բավարար պատկերացում չունեն: Այդ դեպքում կարելի է մասնագետների հետ քննարկումներ անցկացնել, որպեսզի այնպիսի օրենք ընդունվի, որը ստիպված չլինեն նորից փոխել»,- նշեց նա:

Թադեւոսյանը շեշտեց, որ Հարկային օրենսգրքում փոփոխությունները կարելի է անցկացնել 2 փուլով՝ շտապ եւ այն փոփոխությունները, որոնց համար կարելի է կիրառել համալիր մոտեցում: «Առավել ընդունելի կլիներ կիրառել միասնական եկամտահարկի ներդրումը, այլ ոչ թե ճյուղերի բաժանել՝ տնտեսության վրա բեռը բաշխելու համար»,- պարզաբանեց ՀԿ ղեկավարը:

Նա նշեց, որ e-draft կայքում հարցվածների 92 տոկոսը դեմ է առաջարկվող փոփոխություններին: