ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ծնունդ առան 90-ական թվականների ծանր ու արյունալի մարտերում եւ կայացման, ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի կատարելագործման հետեւողական ընթացքի արդյունքում այսօր ուժեղագույններից են տարածաշրջանում եւ երաշխավորում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունը:
Մեր պետականության ակունքներում կանգնած Հայոց բանակը միշտ պատվով է կրել պետականաշինության առաքելությունը: Եվ այսօր էլ մեր սպաների ու զինվորների համար ուսանելի են Բանակի հերոսական ուղին, ռազմարվեստի փայլուն դրսեւորումները, մարտական սխրանքի պայծառ օրինակները:
Հայոց բանակը շարունակում ու շարունակելու է իր հաղթական ընթացքը, համոզված եմ՝ զինակից եւ ամուր թիկունք ունենալով նաեւ Ոստիկանությանը:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ ուժ ու կամք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին»:





























