Իսլամաբադը մտադիր է Նյու Դելիի հետ հարաբերությունների կարգավորման երկխոսությունը վերականգնել Հնդկաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո: Այս մասին Gulf News պարբերականի հետ հարցազրույցում նշել է Պակիստանի տեղեկատվության նախարար Ֆավադ Չոուդհուրին:
«Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման մեր ջանքերը հետաձգել ենք, քանի որ ներկայիս հնդկական ղեկավարությունից որեւէ խոշոր որոշում չենք սպասում»,- ասել է Չոուդհուրին:
Պակիստանցի նախարարի կարծիքով՝ Նյու Դելիի հետ բանակցությունների վարումն «անօգուտ» է այնքան ժամանակ, «քանի դեռ Հնդկաստանում չի հայտնվել որեւէ (քաղաքական) կայունություն»:
«Մենք նոր քայլեր կձեռնարկենք ընտրություններից հետո՝ հենց ձեւավորվի Հնդկաստանի նոր կառավարությունը»,- հայտնել է Պակիստանի կառավարության անդամը:
Հնդկաստանում համընդհանուր խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2019 թվականի գարնանը, որի արդյունքներով կձեւավորվի այս հարավասիական երկրի նոր կառավարությունը:




























