Մեքսիկայի Իդալգո նահանգում խողովակատարի վրա եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել ապօրինի ներփորվածքի պատճառով, տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չկան, հայտնում է Universal պարբերականը:
Հզոր պայթյունն ու դրան հաջորդած հրդեհը տեղի են ունեցել երկուշաբթի երեկոյան Տլաշիակա համայնքում: Դեպքի վայրում աշխատում են զինվորականները, ոստիկանությունը, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները եւ Pemex-ի ներկայացուցիչները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հունվարի 7-ից 27-ը Pemex պետական նավթային ընկերության խողովակատարերի վրա հայտնաբերել է գրեթե 1,7 հազար ապօրինի ներփորվածքներ:
Հունվարի 18-ի երեկոյան Իդալգո նահանգում խոշոր խողովակատարի վրա ապօրինի ներփորվածքի պատճառով հզոր պայթյունը տեղի էր ունեցել այն պահին, երբ հարյուրավոր մարդիկ բենզին էին գողանում: Վերջին տեղեկություններով՝ պատահարի հետեւանքով զոհվել էր 115 մարդ:





























