ՀՅԴ-ի հետագա գործունեությունը բացարձակապես կապված չի լինելու ընտրությունների արդյունքների հետ. կլինի ՀՅԴ-ն ԱԺ-ում, թե ոչ, մեր գործունեությունը շարունակվելու է: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ նորընտիր բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ Դաշնակցությունը հայ իրականության մեջ երեւի ամենակայացած կուսակցությունն է, որն իր ներկայությունն արձանագրել է այնտեղ, որտեղ կա հայություն:
«Մեր ուժի աղբյուրը համասփյուռ հայությունն է, եւ դրա վրա են հիմնված մեր գաղափարները: Մենք բոլոր էտապներն անցել ենք, եւ եթե մեր ասելիքը հստակ է, ՀՅԴ-ն դեռ անելիք ունի», - ասաց նա:
Անդրադառնալով իշխանությունների հետ համագործակցությանը, Ռուստամյանը հիշեցրեց, որ իրենք ժամանակին հրապարակել էին իրենց 7 կետերը եւ ասել, որ կհամագործակցեն բոլորի հետ, եթե ընդունեն իրենց այս կետերը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը կանգնած է կարեւոր ջրբաժանի առջեւ. «Հայաստանը պետք է զարգանա: Մենք պետք է իմանանք, որ Արցախում եւ հայ-թուրքական հարաբերություններում չպետք է զիջենք մեր սերունդների շահերը: Ով սա ընդունի, նրա հետ պատրաստ ենք սերտ համագործակցության, ով չի ընդունի, նրա հետ պատրաստ ենք առճակատման: Մենք պետք է ունենանք այնպիսի մոտեցում, որ ազատագրված Արցախը զարգացման ռեսուրս լինի, ոչ թե բեռ», - ասաց նա՝ ավելացնելով, որ բանակը պետք է լոկոմոտիվ դառնա, բանակը պետք է դառնա ոչ միայն սպառող:





























