Եթե Հրանտ Մարգարյանը իր թեկնածությունից չհրաժարվեր, Ընդհանուր ժողովը նաեւ իրեն կընտրեր: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
«Որեւէ մեկը թող չմտածի, որ աշխատանք է տարվել, որ Հրանտ Մարգարյանը հեռու մնա ՀՅԴ ղեկավարությունից: Մենք մերժում ենք մոդելը, որ ղեկավարով է որոշվում կուսակցության ուղղությունը: ՀՅԴ-ն հավաքական ղեկավարություն է իրականացրել եւ այդպես էլ շարունակելու է»,-ընդգծեց նա:
Նույն խնդրի առնչությամբ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք չպետք է Հրանտ Մարգարյանի՝ Բյուրոյում չլինելը մեկնաբանենք որպես Բյուրոյի վարած քաղաքականության մերժում: Նման բան գոյություն չունի: Այո, Հրանտը կատարել է քայլ, որն ավելի ակնհայտ դարձրեց, որ այս կուսակցությունը անձի շուրջ ձեւավորված կուսակցություն չի: Մեկ անձի լինել-չլինելը որեւէ բան չի կարող փոխել կուսակցության ուղեգծի մեջ»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ ընդհանուր ժողովում Հրանտ Մարգարյանի վերջին ելույթին, որտեղ նա սուր քննադատության էր ենթարկել գործող իշխանություններին՝ նշելով, որ 5 տարի հետո տուն են ուղարկելու նրանց, Արմեն Ռուսատմյանն ասաց. «Հրանտ Մարգարյանն իր ելույթով արտահայտել է այն, ինչը մենք ամբողջ նախընտրական շրջանում հրապարակի վրա ասել ենք»:





























