«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամներ Սաշա Կատվալյանը եւ Արման Իսկանդարյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին։  Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին հրավիրված ավագանու նիստում հայտարարեց  քաղաքապետ Հայկ Մարությանը։

Քաղաքապետը հայտնեց նաեւ, որ Ազգային ժողովի պատգամավորական մանդատ ստանալու հետ կապված դադարեցվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Վահագն Գրիգորյանի ավագանու անդամի լիազորությունները։

 «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 22–ի արձանագրության համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ  դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Անտոնյանին, Անահիտ Ասատրյանին, Տիգրան Գալստյանին»,–նշեց նա։