Երեւանի ավագանու այսօր՝ հունվարի 29-ին հրավիրված նիստում առաջարկվում է Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակում ավելացնել 25 նոր աշխատատեղեր։  Որոշման նախագիծը ներկայացրեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

«Երեւան քաղաքի ավագանու N10-Ա որոշման  երկրորդ հավելվածում փոփոխություններ կատարելու ավագանու որոշման նախագիծով առաջարկվում է Կառուցվածքային ստորաբաժանումներ բաժնի Անշարժ գույքի կառավարման վարչություն բաժինը վերաշարադրել նոր խմբագրությամբ, որտեղ ավելացել են 10 նոր հաստիքներ, եւ երկրորդ կետով Կառուցվածքային ստորաբաժանումներ բաժնի Վերահսկողության վարչության գլուխը վերաշարադրել նոր խմբագրությամբ, որտեղ ավելացել են 15 նոր հաստիքներ»,–հայտնեց նա։

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվում, որ հաստիքացուցակը մեծանում է, բայց բյուջեի փոփոխություն չի նախատեսվում է, որին փոխքաղաքապետը պատասխանեց. «Այստեղ խոսքը էական փոփոխության մասին է։ Այնուամենայնիվ ասեմ, որ վերոնշյալ հաստիքային փոփոխությունների արդյունքում իրականում խոշոր պլանով ծախսերի ավելացում չի նախատեսվում, որովհետեւ օպտիմալացման արդյունքում մենք ունենում ենք տնտեսում, այսինքն՝ Անշարժ գույքի կառավարման վարչությունում նոր ստորաբաժանումում ունենում ենք շուրջ 90 մլն դրամի տնտեսում, որը ձեւավորվում է ՓԲԸ–ի լուծարման արդյունքում, այն միջոցների հատկացման հաշվին, որն ուղղվում էր ՓԲԸ–ին քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականցման նպատակով»։ Փոխքաղաքապետը հայտնեց նաև, որ 40 աշխատակից կրճատվում է, 10-ը՝ ավելանում։ 

Դավիթ Խաժակյանը նկատեց, որ եթե մի քանի միլիոնը քաղաքապետարանում համարում են ոչ էական ծախս, գոնե իրենց՝ ավագանու անդամներին, հստակ ներկայացվի այդ փոփոխությունները, քանի որ ծախսային բեռն արդյունքում ավելանում է։