Պարգեւատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգեւատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է:
Ավելին, Yerevan.am պաշտոնական կայքում կեղծ տեղեկություններ են հրապարակվել․ պարգեւատրումների մասին փաստացի գոյություն ունեցող կարգադրությունների հերթական համարների տակ կայքում հրապարակվել են այլ՝ բոլորովին ուրիշ բովանդակությամբ փաստաթղթեր (տես՝ լուսանկարներում):
Սա ի հայտ է եկել փաստաթղթերի մասնակի ուսումնասիրության արդյունքում: Կարծում ենք, որ իրավապահ մարմինները պատշաճ քննությամբ կպարզեն այս կեղծիքի իրական չափերն ու դրդապատճառները:
Հ. Գ. Էստեղ, ի դեպ, պարզ է դառնում, թե ինչու է հանրության մի մասի, էդ թվում՝ լրագրող գործընկերներիս մոտ ձեւավորվել էն թյուր տպավորությունը, թե նախկինում պարգեւավճարներն «ավելի համեստ էին», քանի հիմա:





























