Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պնդում է, որ որոշ հաստիքներ թափուր են մնացել, որ տնտեսված գումարները մնան համայնքին, սակայն այն չի մնում համայնքին։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ավագանու արտահերթ նիստին հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Երեւանի քաղաքապետը պնդում էր, որ քաղաքապետի աշխատակազմի այն հաստիքները, որոնք զբաղեցրած չեն խորհրդականների եւ օգնականների մասով, դրանց մասով գումար է տնտեսվում, ես պետք է ձեզ ասեմ, որ պարգեւավճարների տրամադրման քաղաքապետի կարգադրություններից ունենք երկու կարգադրություն՝ մեկը պարգեւատրման ֆոնդից տրամադրված, մյուսը՝ աշխատակազմի աշխատավարձային ֆոնդից տրամադրված։ Որքան ես ուսումնասիրեցի, չգտա նախկինում, թե վերաբաշխվել են արդյոք աշխատակազմի աշխատավարձային ֆոնդը, ինչը նշանակում է, որ այն ինչ մենք հաստատում ենք եւ ասում ենք, որ հաստիքը թող թափուր մնա, այդ գումարը մնում է համայնքին, իրականում դա տարեվերջին կամ համապատասխան պահին աշխատակազմի կողմից տեղի է ունենում բյուջեի վերաբաշխում եւ այս տարի այն տրամադրվել է որպես պարգեւավճար»։
Դավիթ խաշակյանը նաեւ նկատեց, որ պարգեւավճարների ցուցակը դեռ հրապարակված չէ, իսկ հրապարակումից հետո կհասկանանք, թե որքան պարգեւավճար է տրվել եւ դրա մեջ որքան է աշխատավարձերի ֆոնդի վերաբաշխման արդյունքում տրամադրվծաը. «Ընդ որում, քաղաքապետի երկու կարդադրություններն էլ տեղադրված չեն քաղաքապետարանի կայքում։ Պարոն քաղաքապետ, դուք ուշ ժամի, ոչ աշխատանքային ժամի մեզ ցանկացաք արագ տեղեկացնել, որ որոշել եք հրապարակել կարգադրությունը, բայց կարգադրությունը դեռեւս հրապարակված չէ։ Իսկ երբ հրապարակվի, մենք կտեսնենք, թե աշխատավարձային ֆոնդից ինչ պարգեւավճարներ են տրամադրվել»։





























