Մայրաքաղաքում ինքնակամ շինարարությունների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նախորդ շաբաթ գրանցվել է 10 դեպք, 3 ապօրինի շինություն է քանդվել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ պատրաստ է օրենքի նոր նախագիծը, որի ընդունումից հետո ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու:
«Սա առաջնահերթ խնդիր է: Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը կասեցնելուց հետո միայն մենք կունենանք իրական արդյունք: Հակառակ դեպքում քաղաքացիները կշարունակեն մտածել, որ իրենց տունը կամ խանութը կարող են անօրինական կերպով կառուցել, այնուհետ օրինականացնել»,- ընդգծել է Հայկ Մարությանը:




























