Վենեսուելայի գլխավոր դատախազը երկրի գերագույն դատարանին խնդրել է արգելել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին դուրս գալ երկրից եւ հակակառավարական գործունեության համար նրա դեմ քրեական հետաքննություն սկսել՝ հայտնում է AP-ն։
Գլխավոր դատախազ Թարեք Ուիլյամ Սաաբը նաեւ խնդրել է արգելափակել Գուայդոյի ֆինանսական հաշիվները։ Նա նշել է, որ հետաքննությունը կապված է անկարգությունների հետ, որոնք հրահրվել են իրեն ժամանակավոր նախագահ հռչակելու նրա որոշման պատճառով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել է, թե Գուայդոն Նյու Յորքի դաշնային բանկում եւ ԱՄՆ ցանկացած այլ բանկում գտնվող վենեսուելական կառավարության հաշիվները վերահսկելու իրավասություն ունի։





























