Երեւանի ավագանու նախորդ նիստում չընդունված նախագծերը կրկին օրակարգ են բերվել, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը նախորդ անգամ բավականին բաժանված է քվեարկել։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին հրավիրված ավագանու նիստին ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցը՝ պատասխանելով ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որում կասկածի տակ էր դրվում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների անդրդվելիությունը իրենց կայացած որոշումներում։

«Եկեք ֆիքսենք, որ նախորդ անգամ մեր խմբակցությունը բավականին բաժանված է քվեարկել, երկրորդ՝ շատ կարեւոր է նշել, որ նախորդ անգամ քվեարկել ենք մի փաթեթի համար, որի մեջ ներառված են եղել մի քանի դեպքեր, որոնք ընկալելի չեն եղել մեր գործընկերների կողմից»,–նշեց Հասմիկ Խաչունցը։ 

Անի Խաչատրյանը պնդեց, որ ինքը դեռ մի շաբաթ առաջ գիտեր, որ «Իմ քայլի» անդամներին ստիպելու են քվեարկել այդ նախագծերի համար։

Իսկ երբ Հասմիկ Խաչունցը փորձեց արձագանքել, «Լույս» խմբակցության անդամը նկատեց, որ արձագանքը խախտում է ավագանու կանոնակարգը։

Նշենք, որ խոսքը մի քանի ընկերություններին ու անհատներին ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք տալու նախագծի մասին է։ Նախորդ շաբաթ ավագանին այս փաթեթին դեմ էր քվեարկել։