Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը անցյալ տարի Բուենոս Այրեսում տեղի ունեցած G20 գագաթնաժողովում մոտ 15 րոպե խոսել են առանց ամերիկացի թարգմանչի, որը կարող էր զրույցի բովանդակության վերաբերյալ նշումներ կատարել: Այս մասին երեքշաբթի երեկոյան հայտնել է Financial Times-ը՝ սա ներկայացնելով որպես աղբյուրից ստացած էքսկլյուզիվ տեղեկություն:
Հաղորդվում է, որ 2 առաջնորդները ոչ պաշտոնական զրույցն անցկացրել են Կոլոն թատրոնում, երբ այնտեղ տեղի ունեցած միջոցառման մասնակիցներն արդեն սկսել էին հեռանալ: Թրամփին ուղեկցել է միայն կինը՝ Մելանյան, իսկ Պուտինին՝ իր թարգմանիչը: Այսպիսով, ամերիկյան կողմից ոչ մեկը չի եղել՝ ոչ թարգմանիչ, ոչ օգնական, որը կկարողանար զրույցը սղագրել՝ փաստագրմամբ հաստատելով դրա բովանդակությունը:
Պարբերականը վկայակոչում է ՌԴ-ից պաշտոնյայի, որի խոսքով 2 պետությունների ղեկավարները մոտ 15 րոպե քննարկել են արտաքին քաղաքականության մի շարք հարցեր՝ ներառյալ Ազովի ծովում տեղի ունեցածը, ինչպես նաեւ Սիրիայի հակամարտությունը: FT-ի աղբյուրի խոսքով՝ նրանք քննարկել նաեւ այն հարցը, թե երբ կկարողանան պաշտոնական հանդիպում ունենալ: ԱՄՆ Պետքարտուղարությունում եւ Սպիտակ տանը հրաժարվել են պարբերականին մեկնաբանություններ տալ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին Հելսինկիում Թրամփի եւ Պուտինի հանդիպումից հետո ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամները պահանջել էին, որ բանակցություններին ներկա թարգմանիչը ցուցմունքներ տա ԱՄՆ Կոնգրեսում եւ ներկայացնի 2 առաջնորդների զրույցի մանրամասները: Ավելի ուշ պահանջել էին հարցաքննել նաեւ դեմ առ դեմ հանդիպումներին մասնակցած թարգմանիչներին: Սպիտակ տան քննադատները պնդում են, որ Թրամփը ամերիկյան վարչակազմի անդամներից թաքցնում է Պուտինի հետ իր հանդիպումների մանրամասները:





























