Ֆիլիպինների Մինդանաո կղզում Զամբոանգա քաղաքի մզկիթի շենքում նռնակի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 2 մարդ, 4-ը վնասվածքներ են ստացել, հայտնում է Rappler լրատվական պորտալը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Պորտալի տեղեկություններով՝ անհայտ անձը նռնակը նետել է մզկիթի շենքի մեջ, երբ այնտեղ են եղել մուսուլման հոգեւոր առաջնորդները: Բոլոր տուժածներին անմիջապես հոսպիտալացրել են: Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Միջադեպի այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Ավելի վաղ՝ հունվարի 27-ին, Ֆիլիպիններում ահաբեկչական հարձակում էր կատարվել Խոլո քաղաքի մայր տաճարի մոտ պատարագից հետո: Վերջին տեղեկություններով՝ զոհվել էր 20 մարդ, տուժել՝ 111-ը: Ինչպես հայտնել էր Reuters-ը, պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: