ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսական բաժնի գլխավոր տնտեսագետ Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկելու պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) օրենսդրական փաթեթի մշակմանն առնչվող հարցեր։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Խաչատրյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է օրենքի մշակման մանրամասներին, ինչպես նաեւ առնչվող այլ իրավական փաստաթղթերին, քննարկել մի շարք կազմակերպչական հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել ՊՄԳ համակարգման գործընթացի վերաբերյալ։

Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսը բարձր է գնահատել համագործակցությունը եւ նշել, որ մեծ հաճույքով եւ արդյունավետությամբ են աշխատել նախարարության՝ ՊՄԳ օրենսդրական փաթեթի մշակման համար պատասխաատու թիմի հետ, որը ղեկավարում է նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Ներկայացվել է օրենսդրական փաթեթի մշակման եւ ընդունման ճանապարհային քարտեզը։

Կողմերը հաստատել են, որ գործընթացն անհրաժեշտ է ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առաջիկա ամիսների ընթացքում։

ԱԶԲ թիմը նախարարի հետ քննարկել է նաեւ մասնագետների պատրաստման եւ կարողությունների ձեւավորմանն առնչվող խնդիրները՝ առաջարկելով լուծման մի քանի տարբերակներ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը նախարարության եւ առաքելության միջեւ։