Եվրոպայում գործատուները պարտավորվում են երիտասարդ հայրերին հայրության արձակուրդ տրամադրել։ Ընտանիքում երեխայի ծնվելուց հետո ԵՄ ցանկացած երկրում հայրերը կարող են մինչեւ 10 օր վճարովի արձակուրդ վերցնել, հաղորդում է Euro- plus–ը։
Եվրահանձնաժողովի այդ նորարարությունն ու մի շարք այլ առաջարկներ, որոնք ներդրվել են 2017 թվականին, արժանացել են Եվրախորհրդարանի ու ԵՄ–ի նախնական հաստատմանը։ Դրանք կարող են ուժի մեջ մտնել այս տարի։
Մինչեւ հիմա այդ արձակուրդի մասին ԵՄ անդամ պետությունները ինքնուրույն որոշում էին կայացնում։ Հայրության արձակուրդը քննարկվել էր ԵՄ–ի 28 երկրից 22–ում, իսկ արձակուրդի տեւողությունը տատանվում էր Իտալիայում 1 օրից մինչեւ 64 օրը Սլովենիայում։
Եվրաբարոմետրի անցյալ տարվա տվյալների տամաձայն, այդ արձակուրդից օգտվել է երիտասարդ հայրերի 40 տոկոսից ավելին։
Բացի այդ արձակուրդից, եվրոպացի ծնողները կարող են տարվա մեջ 5 լրացուրցիչ օր վերցնել, որոնք ավելանում են երկու ծնողի արդեն գոյություն ունեցող արձակուրդներին։ Նման հնարավորություններ կարող են ունենալ նաեւ նրանք, ովքեր հոգ են տանում անաշխատունակ հարազատների համար։
Եվրոպացի գործատուները պետք է նաեւ իրենց ընտանիքավոր աշխատակիցներին հնարավորություն տան աշխատել ճկուն ժամանակացույցով կամ , եթե գործունեության ոլորտը թույլ է տալիս, աշխատանքի մի մասն անել տանը։




























