Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում այժմ պետությունը տրամադրել է 28 թույլտվություն, գործում է դրանցից 27-ը: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ, EITI քարտուղարության ղեկավար Լիլիա Շուշանյանը:
Խոսելով զեկույցի մասին, նա նշեց, որ այն վերաբերում է 2016-2017 թվականներին, երկու տարվա ծածկույթով ներկայաացվում է, թե որքան թույլտվություն է տրամադրվել մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին. «EITI-ին անդամակցելով՝ երկիրը հանձն է առնում սկսել գործընթացներ եւ կատարել աշխատանքներ: Այդ կետերից մեկը հենց իրական սեփականատերերի բաց ռեգիստր ստեղծելն է: Մշակվել են օրենսդրական փաթեթներ, որոնք հաստատվեցին կառավարության նիստով եւ ուղարկվեցին ԱԺ: Հուսանք որ նորընտիր ԱԺ-ն կհաստատի եւ պետռեգիստրում հնարավոր կլինի բաց ռեգիստր ստեղծել»,-նշեց նա:
Զեկույցն իր մեջ պարունակում է նաեւ ոլորտային այլ տեղեկատվություն՝ EITI շրջանակներում հրապարակվել են մետաղական հանքարդյունաբերողների բոլոր պայմանագրերը: Զեկույցը կազմելիս խնդիր է դրվել պարզել, թե արդյոք հանքարդյունաբերողներն ունեն սոցիալ-տնտեսական պատասխանատվություններ, արդյոք դրանք ճիշտ են ամրագրված.«Բավականին հետաքրքրիր վերլուծություններ արվեցին, պարզվեց, որ ոչ բոլոր պայմանագրերում են միատեսակ ամրագրված այդ պարտավորությունները, ոչ բոլոր հանքարդյունաբերողներն են հաշվարկված գումարները վճարել բնապահպահպանական համապատասխան դրամագլխին»,-եզրափակեց նա:
Հավելենք, որ EITI ստանդարտին համապատասխանող զեկույցն իր մեջ ներառում է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ցանկը, նրանց ծավալած գործունեությունը, իրականացրած արտադրության ծավալները, պետբյուջին եւ համայնքին փոխանցած գումարների չափը եւ այլն:





























