Հունվարի 30-ին Երեւանում, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի Գոհաբանության այգում տեղի ունեցավ Ալեքսանդր Սերգեյեւիչ Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր ռուս դիվանագետի, բանաստեղծի եւ դրամատուրգի մահվան 190-ամյակին, հաղորդում է NEWS.am կայքի թղթակիցը (ֆոտոռեպորտաժ)։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ՀՀ ԱԳՆ ղեկավարությունը, Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը, Իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
Հուշարձանի հեղինակն է աշխարհահռչակ քանդակագործ Գրիգորի Պոտոցկին: Քանդակը «Ստրատեգիա» հիմնադրամի նվերն է, որն իրականացնում է բազմաթիվ մարդասիրական, մշակութային եւ կրթական ծրագրեր, այդ թվում`ուղղված ռուս-հայկական հումանիտար համագործակցությանն ու փոխգործակցությանը աջակցելուն եւ զարգացնելուն: Ծրագրի հովանավորն է հայտնի գործարար, գիտնական եւ հասարակական գործիչ Մեցո Իգիթյանը։
Հանդիսավոր միջոցառման ավարտին Պոտոցկուն հանձնվեց շնորհակալագիր եւ Հայաստանի նկարիչների միության անդամի վկայական:





























