Մոտ ժամանակում հնարավոր է սպասել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ հարցն այն է, թե ինչպիսի օրակարգ կլինի, որը հիմա մշակվում է: «Չնայած բանակցությունների մասին ոչ ոք, ըստ էության, չի խոսում, սակայն հասկանալի է, որ ինչ-որ բան քննարկվում է»,- նշեց նա:
Իսկանդարյանը շեշտեց, որ համեմատաբար խաղաղ իրադրությունը կատարում է բանակցային գործընթացում Ադրբեջանի նոր իմիջի ձեւավորման գործառույթ: «Եթե նախկինում բանակցային գործընթացում կառուցողական կողմ էր ներկայացվում Հայաստանը, ապա հիմա Բաքուն փորձում է այդ կողմում իրեն դիրքավորել: Սակայն այս ամենը հարկ է դիտարկել բանակցային գործընթացի ոճի փոփոխության շրջանակում, բայց ոչ մի կերպ էության: Խաղաղության իրական գործընթաց գործարկելու համար, նախ անհրաժեշտ է նվազեցնել բնակչության շրջանում ատելության մակարդակը»,- պարզաբանեց փորձագետը:
Նա արձանագրեց, որ չեն փոխվել ո՛չ Բաքվի հռետորաբանությունը, ո՛չ նպատակները, նույն կերպ խաղաղ գործընթացի նախապատրաստման ճանապարհով ընթանալու պատրաստակամություն չկա: «Խաղաղություն տարածքների դիմաց սկզբունքի առաջքաշումը տեղ է գտել ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ինչն, ըստ էության, նշանակում է տարածքներ ոչ մի բանի դիմաց: Հայաստանի դիրքորոշումը նույնպես չի փոխվել, իսկ այս փուլում Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ բերելն անիրական է»,- պարզաբանեց քաղաքագետը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանին առաջնորդներին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռախոսազանգերին՝ փորձագետը նշեց, որ ակնհայտորեն ղարաբաղյան հարցը քննարկվել է, սակայն հազիվ թե դա զրույցի միակ թեման լիներ: «Անհրաժեշտ է հասկանալ, որ ամերիկացիներն այս տարածաշրջանը կարեւորում են Իրանի եւ Ռուսաստանի միջեւ աշխարհագրական դիրքի տեսանկյունից»,- հավելեց նա:





























